Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի վարելահողերի մոտ 75%-ը, արոտավայրերի 85%-ը, պտղատու այգիների զգալի մասը, ոռոգովի տարածքների մոտ 90%-ը. նախարար

44

2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով ծանր հարված է հասցվել Արցախի  տնտեսության զարգացման բնականոն ընթացքին, որի հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում:

2021 թվականին համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 12.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 33.6 տոկոսով:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ամենամեծ անկումը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտավայրերի 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ինչպես նաև ոռոգովի տարածքների մոտ 90 տոկոսը: Ավելի քան 50 տոկոսով կրճատվել է նաև անասնագլխաքանակը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 51.1 տոկոսով:

«Միակ ոլորտը, որտեղ պատերազմական ժամանակաշրջանից հետո գրանցվել է աճ՝ շինարարության ոլորտն է, ինչը պայմանավորված է պետության կողմից իրականացվող լայնածավալ բնակարանաշինական ծրագրերով: 2021 թվականին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 48.3 տոկոսով»,-ասաց նախարարը:

Հետպատերազմյան պետության տնտեսությունը. ի՞նչ խնդիրներ ունի այսօր արցախցի գործարարը.

Պատերազմական գործողությունների և հետպատերազմյան գործընթացների հետևանքով ահռելի կորուստներ են կրել ինչպես մեր վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում գործունեություն ծավալած կազմակերպությունները, այնպես էլ գրեթե մյուս բոլոր տնտեսավարող սուբյեկտները, ընդ որում, ոչ միայն նյութական տեսքով, այլ նաև ռեսուրսային ապահովման, լոգիստիկայի առումով:

Նախարարի խոսքով՝ կառավարության ներկայիս գերխնդիրն է հանդիսանում կարճ ժամանակահատվածում վերականգնել տնտեսությունը` կիրառելով խթանիչ ծրագրեր, նորագույն տեխնոլոգիաներ և արդյունավետ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն ապահովել որակական բարձր մակարդակ ունեցած փոքրածավալ արտադրական հզորությունների ու աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ: «Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ծրագրեր գյուղատնտեսության, արդյունաբերության (հանքարդյունաբերության, թեթև և վերամշակող արդյունաբերության) և մի շարք այլ ոլորտներում: Մեր նպատակն է ստեղծել տնտեսական մի այնպիսի համակարգ, որը կգեներացնի բոլոր այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել անվտանգային խնդիրները և ապահովել բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակների շարունակական բարձրացում»,-նշել է Վահրամ Բաղդասարյանը:

Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությունը հետպատերազմյան Արցախում.

Պատերազմից հետո տնտեսական կյանքը բարելավելու և ՓՄՁ ոլորտին աջակցելու նպատակով Արցախի Հանրապետության կառավարությունը իրագործել է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նախաձեռնվել է հարկային արտոնությունների մի ծանրակշիռ փաթեթ, որը շոշափում է գրեթե բոլոր հարկատեսակներն՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռի հնարավոր թեթևացմանը:

«Այսպես, մինչև 2022 թվականը շահութահարկի վճարումից ազատվել են շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուների մեծ մասը, իսկ 2023 թվականից շահութահարկի դրույքաչափը սահմանվելու է 5 տոկոս: Նմանատիպ ձևով անհատ ձեռնարկատերերը նույն ժամանակահատվածում ազատվել են եկամտային հարկի վճարումից: Մինչև 2026 թվականը Արցախի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ազատվել է ավելացված արժեքի հարկից»,-հայտնել է նա:

Բաղդասարյանը հավելել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մշակել է նաև մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արտոնյալ պայմաններով և պետության կողմից անմիջական օժանդակությամբ վերականգնել կորցրած բիզնեսները: Այսպես, 2021 թվականին մեկնարկել է նոր ծրագիր, ըստ որի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակում տրվում է գանձապետական հասարակ մուրհակ՝ 5 տարի մարման ժամկետով՝ 7 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

«Գործող ծրագրի շրջանակում շահառու իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում 2023 թվականի հուլիսից վաղաժամկետ ստանալ մուրհակում նշված գումարը, եթե նրանք ներկայացնում են գործարար ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս վերականգնել գործող բիզնեսը կամ նոր բիզնես սկսել»,-նշել է նախարարը՝ հավելելով,որ 2021թվականին մեկնարկած մյուս ծրագիրը նորարարության և ձեռներեցության խրախուսման դրամաշնորհային ծրագիրն է՝ ուղղված տնտեսության երեք կարևորագույն ճյուղերի՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության և գյուղական տուրիզմի զարգացմանը, որը նպատակ է հետապնդում նորարարական մոտեցումների կիրառման միջոցով նոր շունչ հաղորդել դրանց: «Ծրագրի շրջանակներում ընդունվել են թվով 36 հայտ, որից 12-ը՝ գյուղատնտեսության, 17-ը՝ մշակող արդյունաբերության և 7-ը՝ գյուղական տուրիզմի վերաբերյալ: Ի թիվս նոր ծրագրերի, 2021 թվականի ընթացքում շարունակվել են մինչև պատերազմը գործող ՓՄՁ աջակցության մյուս ծրագրերը ևս: Այսպես, 2021 թվականին «Աջակցություն տեղական արտադրողներին» ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվել մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես, «Մետաքսկոմբինատ», «Մկրտումյան», «Հաթերք-Ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Գրեյթ Փարթներս» փակ բաժնետիրական ընկերություններին: «Տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպում և կազմակերպմանն աջակցություն, միջազգային համաժողովներին և ցուցահանդեսներին Արցախի Հանրապետության մասնակցության ապահովում» ծրագրի շրջանակում ապահովվել է արցախյան ընկերությունների մասնակցությունը տեղական և միջազգային ցուցահանդեսներին»,-ընդգծել է Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ  2021 թվականի ընթացքում գործող ծրագրի շրջանակում թվով 3 ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ կազմակերպված ցուցահանդեսներին և տոնավաճառներին նրանց մասնակցության, ընկերությունների ներկայացման և մարքեթինգային ծախսերի փոխհատուցման նպատակով: «Ծրագրային ապահովման և հրատարակչական ծառայությունների ձեռքբերում» ծրագրի շրջանակում 2021 թվականին կազմակերպվել են «Վարկանիշ» ամսագրում 7 ՓՄՁ սուբյեկտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական նյութերի մշակման և տպագրման աշխատանքները:

Վերը նշված բոլոր ծրագրերն ու սահմանված հարկային արտոնություններն ըստ նախարարի, ուղղված են Արցախի Հանրապետությունում անխոչընդոտ տնտեսական գործունեության ծավալման նպաստմանը:

«Իր վրա վերցնելով հարկային պարտավորությունների գերակշիռ մասը՝ պետությունը խրախուսում է Արցախում գործարար միջավայրի բարելավումը և, ամենակարևորը, կիսում ներդրողների համար հնարավոր բոլոր ռիսկերը: Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության  դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում, կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ»,-նշեց նա:

Արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծումները.

Խոսելով արտահանման վրա վերջին իրադարձությունների ազդեցության մասին՝ նախարար Բաղդասարյանը նշել է,  որ ի թիվս այլ արտադրական ակտիվների և ամբողջական ձեռնարկությունների, ցավոք, թշնամու տիրապետության տակ են մնացել նաև արտաքին շուկաներում արդեն իսկ ճանաչելիություն ձեռք բերած՝ արտահանման կայուն ծավալներ ունեցող արցախյան ձեռնարկությունները: Որոշ դեպքերում արտահանումը ժամանակավորապես դադարեցվել է՝ պայմանավորված արտադրողների մոտ վերականգնողական աշխատանքների իրականացմամբ:

«Այս ամենը չի կարող չանդրադառնալ երկրի արտահանման ծավալների և կառուցվածքի վրա, որն առաջացրել է տարբեր բնույթի նոր մարտահրավերներ ու պահանջում է արտաքին շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման պետական աջակցության ավելի գործուն մեխանիզմների կիրառում: Այս առումով, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը գործնական քայլեր է ձեռնարկում տեղական արտադրանքի արտահանման խթանման և արտադրողներին աջակցության տրամադրման ուղղությամբ, ինչպես նաև իրականացնում է ծրագրեր՝ ուղղված տեղական արտադրողների արտադրանքի տեսականին արտաքին շուկաներում ներկայացնելուն»,-ասել է Բաղդասարյանը՝ կարևորելով նաև էլեկտրոնային հարթակների ավելի ակտիվ օգտագործումը:

Նա հավելել է, որ նախատեսվում է մոտակա ժամանակներում իրականացնել տեղական արտադրողների մասնակցության ապահովում միջազգային ցուցահանդեսներին և համաժողովներին:

«Կշարունակվեն նաև արտահանման համար անհրաժեշտ սերտիֆիկացման ծախսերի մասնակի փոխհատուցումները: Այդուհանդերձ, արտահանման շուկաներից բացի կարևոր է նաև մեր հայրենակիցների կողմից տեղական արտադրանքի նկատմամբ կողմնորոշման բարձրացումը, ինչպես նաև այդ ապրանքների իրացումը»,-ընդգծել է նախարարը: