Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ հարուցված կարգապահական վարույթը ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ, որի մասին օրեր շարունակ հստակ տեղեկություն չկար, վերջապես հասել է Բարձրագույն դատական խորհուրդ: Գործով առաջին նիստը նշանակված է օգոստոսի 25-ին:

Նախարարի որոշման հիմքը ՀՀ զինվորական նախկին դատախազ,  Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին  ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով Եվրոպական դատարանի որոշումն է: Այս մասին Forrights.am-ին հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի խոսնակը:

Վարդան Ջհանգիրյանի դեմ քրեական հետապնդումը սկսվել էր 2008 թվականի համաժողովրդական ցույցերի ընթացքում: Սա ընդդիմադիրների դեմ հարուցված բազմաթիվ գործերից մեկն էր: 2008թ. փետրվարի 23-ին Վարդան Ջհանգիրյանը եղբոր՝ Գագիկ Ջհանգիրյանի հետ ավազակային հարձակման էին ենթարկվել 6-րդ վարչության ոստիկանների կողմից՝ Արգավանդի խաչմերուկում, նա հրազենային  վիրավորում էր ստացել: Փոխանակ պատասխանատվության կանչեին ոստիկանին, Վարդան Ջհանգիրյանին մեղադրեցին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նա կալանքի տակ մնաց մոտ 4 ամիս:

Երկարատև դատաքննության արդյունքում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Վարդան Ջհանգիրյանին դատապարտեց 3 տարվա պայմանական ազատազրկման,  նաեւ արգելեց բուժման նպատակով լքել հանրապետությունը: Վարդան Ջհանգիրյանը տառապում էր ողնաշարի  տուբերկուլյոզով, քայլում էր հենակների օգնությամբ, և դատավարության ընթացքում նա հաճախ չէր կարողանում ներկայանալ դատական նիստերին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը և մեղադրյալ դատախազ Կորուն Փիլոյանը, որը Մարտի 1-ի գործերով ՙամենապոպուլյար՚ դատախազն էր, Ջհանգիրյանին բերման ենթարկելու որոշումներ էին ընդունում: Նիստերից մեկի ժամանակ Վարդան Ջհանգիրյանը հայտարարել էր. «Փիլոյան, դուք էլի անմարդկային ու անաստված գտնվեցիք։ Սկսել եմ կասկածել, որ դուք քրիստոնյա եք, դու եւ Մնացական Մարտիրոսյանը»:

ՄԻԵԴ նշված որոշմամբ արձանագրվել է Մարդու իրավունքների Կոնվեցիայի 3-րդ հոդվածի խախտում, հաստատված է համարվել, որ ոստիկանները Վարդան Ջհանգիրյանին բերման ենթարկելու ժամանակ նրա  նկատմամբ ուժ են գործադրել,Վարդան Ջհանգիրյանը զրկվել է պատշաճ բուժօգնության իրավունքից, նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքերը բացակայել են:

ՄԻԵԴ-ը նաեւ վճռել է, որ պետությունը Վ․ Ջհանգիրյանին պետք է փոխհատուցի 20 հազար եվրո, եւ 2 հազար եվրո՝ այլ ծախսերի համար::

2018 թվականից  հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սկսեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալներին արդարացնելու, դատավճիռների վերանայման պահանջներով մտնել Վճռաբեկ դատարան: Մյուս կողմից Մնացական Մարտիրոսյանը  հեղափոխությունից  հետո էլ շարունակում էր իշխանության կողմից ամենապահանջված դատավորը լինել: Նրան էին հանձնարարվում քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր:

Հակաիշխանական ցույցերի մասնակից Ավետիք Չալաբյանի գործը դասական օրինակ է:

Ավետիք Չալաբյանին մեղադրում են ընդդիմության ցույցերին գումարի դիմաց մասնակցելուն շահագրգռելու համար։ Նրան կալանավորել են  համացանցում տարածված ձայնագրությունների հիման վրա, որոնցում  Չալաբյանը համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկում է, թե ինչպես կարող են ուսանողները մասնակցել ցույցերին, ապա դասախոսներից Էմմա Սարգսյանը ասում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին, որ Չալաբյանը առաջարկել է մեկ ուսանողի դիմաց 1.000 դրամ տալ: Ագրարայինի ուսխորհրդի նախագահը առերեսման ժամանակ հերքել է փող տալու խոսակցության հանգամանքը, իսկ թոռնիկ Ալիյանը հիմնական վկան է այս գործով: Ավետիք Չալաբյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը անմեղ է, իսկ մեղադրանքը՝ քաղաքական:

«Ձայնագրությունը որ լսում ես, ոչ թե տպավորություն է, որ Չալաբյանը առավոտյան զարթնել է ու մոտը ձեւավորվել է ուղղակի դիտավորություն, որ գնա, 2000 հոգու նյութապես շահագրգռի, որ գան ինչ-որ անհասկանալի հանրահավաքի, այլ տպավորություն է, որ Թոռնիկ Ալիյանն է առավոտյան զարթնել ու մոտը անուղղակի դիտավորություն է ձևավորվել, որ գնա, փող պոկի, որ ուսանողներին ճիպոտով հանրահավաքի տանի: Մարդ, որը «կարդալ» բառը մի քանի տեղ ՙԹ՚ -ով է գրում, ոչ միայն ագրարայինի ուսխորհրդի նախագահն է, այլև Ագրարայինի ձեռնարկություններից մեկի տնօրեն նշանակվեց վերջերս», — ասում է Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Նա չի կարծում, որ Մնացական Մարտիրոսյանին լրջորեն  կպատժեն կարգապահական վարույթի շրջանակներում: ՙԿարծում եմ, որ կարգապահական վարույթը որպես մահակ են օգտագործում Մն ացական Մարտիրոսյանի վրա, ճնշման գործիք: Կառաջարկեի հարցը այս պրիզմայով դիտարկել՚:

Օգոստոսի 1-ի նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը Չալաբյանին  երեք ամսով կալանավորելու որոշում ըդունեց, իսկ նրա պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։

Հաջորդ նիստին Ավետիք Չալաբյանը հայտարարել է, դիմելով Մնացական Մարտիրոսյանին. «Դուք երկու օր առաջ  ինձ անձնական ազատությունից զրկել եք առանց  վկայակոչելու որևէ փաստական հիմք… Ես այս դատարանի  իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն այցելում եմ այս լսումներին որպեսզի հասարակությանը ներկայացնեմ մեր անմեղության բոլոր ապացույցները»։

Մնացական Մարտիրոսյանը նաև ընդդիմադիր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատավորն է եղել, որը մահացավ դատական նիստի ժամանակ: Նա դատել է նաև քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին, որը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և այլ հանցարարքների մեջ: Վահագն  Վերմիշյանը կառավարության նիստերի ժամանակ բազմիցս հակադարձել է Նիկոլ Փաշինյանին: Առնվազն այս մասով քաղաքական նրբերանգ կա նրա գործում: ՄՆացական Մարտիրոսյանին է հանձնարարվել նաև նախկին գլխավոր դատախազ և նախկին ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գործը, որը փաստացի քաղաքական առումով  իշխանությանը հակադիր բեւեռի գործիչներից է:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest