Հայկական Աղավնոն չորս օրից կդառնա ադրբեջանական Զաբուխ

109

Հայկական Աղավնոն չորս օրից դառնալու է ադրբեջանական Զաբուխ։ Այս գյուղը, որտեղ շուրջ 200 հայ  մշտական բնակիչ կար, Բերձոր քաղաքի ու Սուս համայնքի հետ օգոստոսի 25-ին հանձնվելու է Ադրբեջանին։ Աղավնոն օգոստոսի 2-րդ կեսից սկսած հայաթափվում է։ Բնակիչները տեղափոխվում են Արցախի ու Հայաստանի համայնքներ։

Քաշաթաղի շրջանի այս բնակավայրերը թշնամուն հանձնելու՝ հայկական իշխանությունների պատրաստակամության մասին հայտնի դարձավ օգոստոսի սկզբին՝ ադրբեջանական կողմի՝ Արցախում սանձազերծած մարտական գործողություններին զուգահեռ։ Թշնամու ռազմական գարծողությունների արդյունքում հայկական կողմը 2 զոհ և 19 վիրավոր ունեցավ։

Չնայած, որ գյուղն Ադրբեջանին է հանձնվելու օգոստոսի 25-ից, բայց օգոստոսի 19-ից սկսած Աղավնոն հոսանքազրկվել է։ Դեռ նրանք, ովքեր չեն հասրել պարտադրված հեռանալ Աղավնոյից զրկել են նաև ջուր խմելու հնարավորությունից։ Ջրի ու լույսի հետ նաև հեռախոսային ու ինտերնետ կապերն են անջատել։

Աղավնո, Բերձոր, Սուս համայնքների բնակիչներին, որոնց պարտադրվել էր իրենց սեփական տներն անվնաս հանձնել թշնամուն, կառավարությունն  առաջարկում է բնակարանի ձեռք բերման սերտիֆիկատ՝ 10 միլիոն դրամի: Բնակիչները, սակայն, հույս չունեն, որ այս գումարով կկարողանան տներ գնել։ Պաշտոնյաների պահանջին հակառակ, սակայն, Աղավնոյում երեք ընտանիք այրել են իրենց տները, որ թշնամուն չմնա։

Այս օրերին Աղավնոն լքել է նաև տիկին Թամարն իր ընտանիքի հետ։ Հինգ տարի առաջ վերաբնակեցման ծրագրով Աղավնո տեղափոխված լիբանանահայ կինն ասում է․ «Երբ ասացին՝ դուրս պիտի գաք գյուղից, սիրտս պայթում էր: Չեմ պատկերացնում մեր կյանքն առանց Աղավնոյի… Շատ դժվար է, խոսքերով անհնար է բացատրել՝ ինչ եմ զգում»:

Էջմիածին քաղաքում ապաստանած տիկին Թամարի ընտանիքը սոցալական լուրջ խնդիրներ ունի։ Բնակարանի երկու ամսվա վարձը Կարմիր խաչն է վճարել։ Նրա ամուսինը հաշմանդամություն ունի՝ անհատական խնամքից զատ նաև դեղորայք է անհրաժեշտ, իսկ դուստրը դպրոցահասակ է։ Պետությունն այս ընտանիքին դեռ չի տվել բնակարան գնելու սերտիֆիկատը, խոստացել են մինչև օգոստոսի 25-ը տալ։

Հանձնվող համայնքերից նաև խաչքարերն ու հուշակոթողներն են հավաքվում։ Չորս տասնյակից ավելի պատմամշակութային կոթող կա, որոնց մեծ մասը նվիրված են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակին։ Հեռացվել են նաև Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու խաչերը։  Ադրբեջանն արդեն նախագիծ է ներկայացրել, թե ինչպես է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու։ Ադրբեջանական նախագծով՝ ապամոնտաժվելու են գմբեթի զանգակատունը, վեղարը և կառուցվելու են երկու մինարեթներ։

Բերձորը, Աղավնոն ու Սուսը անցնելու էին Ադրբեջանին, երբ շահագործվեր Բերձոր-Լաչինը շրջանցող նոր ճանապարհը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Նույն կետում ասվում է նաև՝ կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Նշված երեք տարվա ժամկետից անցել է 1,5 տարուց մի փոքր ավելի, թե ինչու է Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի ստորագրած հայտարարության այս կետը խախտվում, որևէ պաշտոնական պարզաբանում չկա։ Մոսկվան ու Երևանը լռում են։

«Ի՞նչ փաստաթղթի հիման վրա են Աղավնոյի և մյուս բնակիչներին պահանջում կամ սպառնում լքել տարածքները»,-հարցադրում է անում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը և շեշտում․

«Ասվում է, որ հայերն ու ադրբեջանցիները մի տարածքում պետք է միմյանց հետ հաշտ ու համերաշխ ապրեն։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ են հանում հայերին այնտեղից, թող թողեն ապրեն, ադրբեջանցիներն էլ գան կհասկանանք շարունակությունը։ Ինչո՞ւ եք հայերին նպատակային հանում որոշակի տարածքներից։ Սա վտանգավոր է նրանով, որ վաղը հայտարարելու են՝ Ադրբեջանը չի պահանջել, այլ հայկական կողմն է պահանջել հայ բնակիչությունից, որպեսզի լքեն այդ տարածքները, էթնիկ զտում չի եղել։ Ինչո՞ւ է հայկական կողմն ամեն ինչ անում, որ վաղը չկարողանանք էթնիկ զտումը ներկայացնել ու ասել, որ այսպիսի խնդիր է եղել։ Շատ հիմնավոր կասկածներ կան, որ դավադրություն է։ Սա հայերի կողմից թշնամական պրոցես է»։

Նարեկ Կիրակոսյան