Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը լրացուցիչ քննության նպատակով ՌԴ Քննչական կոմիտեին է վերադարձրել Միխայիլ Խաչատուրյանի՝ երեք դուստրերի նկատմամբ սեռական բռնության և խոշտանգումների վերաբերյալ քրեական գործը:

Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել է իրավապահ մարմինների աղբյուրը, գլխավոր դատախազությունը գործի նյութերը վերադարձրել է ՔԿ՝ պարզելու հոր կողմից դուստրերի նկատմամբ բռնության հանգամանքները։

«Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չի հաստատել Միխայիլ Խաչատրյանի դեմ քննվող քրեական գործի շրջանակում մեղադրական եզրակացությունը։ Գլխավոր դատախազությունը որոշել է այդ նյութերը վերադարձնել քննիչին՝ պարզելու հոր կողմից դուստրերի սեռական բռնության և խոշտանգումների բոլոր հանգամանքները»,-ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ Խաչատուրյանի գործով հետաքննությունը վերսկսվել է։

Հիշեցնենք, որ նախկինում Մոսկվայի դատարանը տուժող է ճանաչել հոր միտումնավոր սպանության համար մեղադրվող հայազգի քույրերին: Մոսկվայի բնակիչներ երեք քույրերը՝ 19-ամյա Կրիստինա, 18-ամյա Անգելինա և 17-ամյա Մարիա Խաչատուրյանները, ըստ քննիչների, 2018 թվականի հուլիսի 27-ին սառը զենքով սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին: Աղջիկները հարցաքննության ընթացքում խոստովանել են, որ նախնական համաձայնությամբ միասին հարձակվել են բազկաթոռին քնած հոր վրա, Կրիստինան արցունքաբեր հեղուկացիրով պղպեղի գազ է արձակել հոր դեմքին, իսկ Անգելինան և Մարիան մուրճով ու հոր մեքենայից վերցրած որսորդական դանակով հարվածներ են հասցրել:

Առաջին իսկ հարցաքննության ժամանակ նրանք պնդել են, որ ստիպված են սպանել հարազատ հորը, քանի որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ նրանց ստորացրել է, պատժել է ամենաաննշան թերացման համար, հոգեկան և ֆիզիկական տանջանքների է ենթարկել և, ինչն ամենասարսափելին է, աղջիկներին պարտադրել է սեռական բնույթի գործողություններ, այդ թվում՝ այլանդակ, անբնական եղանակներով:

Միխայիլ Խաչատուրյանը վստահ ունեցել է հոգեկան խնդիրներ, որոշ ժամանակ բուժվել է հոգեբուժարանում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest