«Ես Արցախում չեմ եղել երբևէ, բայց այն ինձ համար դարձավ սրբավայր, այնտեղ կռվել եւ զոհվել է իմ տղան»,-զոհված զինծառայողի մայր

205

18-ամյա Էդգար Բաղումյանը զինծառայության էր մեկնել 2020թ. հուլիսին, ծառայում էր Ստեփանակերտի  «Հայկազուն »  զորամասում, հրետանավոր էր: Մինչ այդ նա Մասիսի  պետական  գյուղատնտեսական  քոլեջում մենեջմենթ էր ուսանում,  նպատակ ուներ ուսումը շարունակել բանակից վերադառնալուց հետո:

«Պատերազմի առաջին իսկ օրից որդիս եղել է թեժ կետերում`Հադրութում, Ակնայում, Վարանդայում, Մարտունիում: Հոկտեմբերի 26-ին վիրավորվել է գլխից Մարտունու շրջանի Ճարտար գյուղում, ստացել է բեկորային վնասվածք: Առավոտյան մենք իր հետ խոսել էինք, իսկ երեկոյան լուր հասավ, որ թեւից վիրավորվել է, ուղարկում են Հայաստան: Հետո սկսեցինք փնտրել Էդգարին Հայաստանի հիվանդանոցներում, հրամանատարը` Մհեր Պետրոսյանն, ասել էր, որ ուղարկում են Հայաստան: Հետո իմացանք, որ բերել են Գիշի, թողել այնտեղ, բարձիթողի վիճակ է եղել, բերել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, նույն վիճակն է եղել, իբր  բժիշկները  չեն  հասցրել: Բայց երբ  «Շտապ օգնության»  մեքենան գնում է, որ բերի տղայիս, այնտեղ ձեռքից վիրավոր մի տղա է լինում, ասում են, որ նրան տանեն, իսկ Էդգարիս, որը գլխից է վիրավորված լինում, բայց դեռ գիտակցությունը տեղն է լինում, ասում են, որ թողնեն: Էդ ամեն ինչը  մեզ պատմել է  «Շտապ օգնության» վարորդը, ով նույնիսկ իր անունը չի հայտնել:

Նա պատմել է նաեւ, որ տեսել է, թե որքան զինվորների են տեղափոխել այդ օրերին, եւ նրանց  ծնողները փնտրելիս են եղել:  Էդգարիս հասցնում են Գորիս, այնտեղից  ուղարկում  Երեւան,  «Էրեբունի »  ԲԿ, որտեղ  մի  ամբողջ օր բժիշկների բրիգադը պայքարել է տղայիս կյանքի համար: Այնտեղ իմ տղայի նման շատ տղաներ էին կյանքի եւ մահվան արանքում  կռիվ տալիս:  Մի ամբողջ օր տղաս պայքարեց, սակայն վերքը խորն էր, կոմայից դուրս չեկավ: Ես  շնորհակալ եմ  այդ բարի մարդուն` անանուն վարորդին, մինչեւ կյանքիս վերջը կօրհնեմ  նրան, որովհետեւ մեր տղայի մարմինը հասել է մեզ»,- պատմում է Էդգարի մայրը` Էլիզա Շահնազարյանը:

Էլիզան հիշում է, որ արցախյան երկրորդ պատերազմից  հաշված օրեր  առաջ  տագնապի ազդանշան էին տվել, հավանաբար գիտեին, որ պատերազմ է լինելու: Երբ  պատերազմից  առաջ ծնողները ցանկացել են այցելել Արցախ եւ տեսնել իրենց որդուն, նա խորհուրդ է տվել չգալ, քանի որ պետք է մասնակցեր զորավարժությունների:

Պատերազմի օրերին, երբ Էդգարը զանգել է ծնողներին, մայրը, լսելով հրետակոծության  ձայները, հետաքրքրվել է, թե ինչ ձայներ են դրանք: Որդին էլ ծիծաղել է, ասել, թե ամեն ինչ նորմալ է, իրենք շատ հեռու են գտնվում, մինչդեռ նա միշտ եղել է թեժ կետերում: Մայրն ասում է, որ Էդգարը միշտ կատակներ է արել, Արցախում լինելու ընթացքում հասցրել էր նաեւ արցախցու բարբառը սովորել եւ հեռախոսով էլ այդ բարբառով է խոսել. «Ամեն ինչ նորմալնի ա, մամա, ով կյամ  ա` սաղին թխում ենք»:

Էլիզան պատերազմի ընթացքում համացանցում հաճախ է տեսել զինվորների նկարներ, որդուց հետաքրքրվել է, թե ինչու ինքն էլ  չի տեղադրում նման նկարներ, նա էլ ասել է.  «Մեր մեծը (նկատի է ունեցել հրամանատարին) թույլ չի տալիս, պետք չի, էս ամեն ինչը վերջանա, նկարներ կուղարկեմ»: Ավելի ուշ Էլիզան հանդիպել է որդու վիրավոր ընկերներից  մեկին` Նելսոնին, որն էլ պատմել է որդու հերոսությունների մասին, այն մասին, թե նա ինչպես է կռվել հակառակորդի դեմ, ինչպես է վիրավոր ժամանակ իր բաժին շոկոլադները տվել եւ ասել` կե՛ր, դու շատ արյուն ես կորցրել:

Էլիզան ասում է, որ որդին սաղավարտ չի ունեցել, նրանց տված սաղավարտներն էլ շատ անհարմար են եղել:

«Ես Արցախում չեմ եղել երբեւէ, բայց ինձ համար Արցախը դարձավ սրբավայր, քանի որ այնտեղ  կռվել եւ զոհվել է իմ տղան, կռվել եւ զոհվել են իմ տղայի նման հազարավոր հայրենասեր տղաներ, հայի արյուն է թափվել: Մեր երեխեքը կռվել են ամեն մի սանտիմետր հողի համար, չեն փախչել, չեն տվել թուրքին: Կարծեմ հոկտեմբերի 16-ն էր, տղաս զանգեց, ասաց` մեր մեծերը մեզ ծախել են հողերի հետ միասին: Էդ ժամանակ ես Աստծուն միայն խնդրեցի, որ իմ տղային գերու ճակատագիր բաժին չընկնի:  Տղայիս խնդրեցի, որ հրամանատարի կողքին լինի, որպեսզի գերի չընկնի: Իսկ Էդգարի հրամանատարն այն բացառիկ հրամանատարներից  է եղել, որ իր  զինվորին չի լքել, մինչեւ վերջ եղել է զինվորի կողքին: Նա հիմա էլ ապրում է Արցախում եւ ծառայում է նույն զորամասում»,- ասում է Էլիզան:

Իսկ Էդգարը  հետմահու  պարգեւատրվել է արիության եւ խիզախության համար, հուղարկավորված է Մասիսի պանթեոնում` մասիսցի քսան հերոսների հետ:

Թագուհի  Հակոբյան