Փետրվարի 7-ին Բաքվի գերությունից վերադարձած շարքային զինծառայող Արթուր Բ․-ին առողջական խնդիրների պատճառով ժամանակից շուտ զորացրում են։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մայրը՝ Ոսկի Բ․-ն։ Արթուրի ծառայության ավարտին մնացել է 10 ամսի։

Հիշեցնենք, որ Արթուր Բ․-ն գերության մեջ էր հայտնվել 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքի և Վայոց Ձորի՝ Ադրբեջանին սահմանակից դիրերքում տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Շուրջ չորս ամսյա գերությունից հետո Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն Արթուրին անմիջապես պարտադիր զինվորական ծառայության էր ուղարկել։ Չնայած այն հանգամանքին, որ ծնողներն ահազանգում էին իրենց տղայի հոգեկան և ֆիզիկական առողջական լուրջ խնդիրների մասին, այուհանդերձ, Արթուրը բանակում ծառայեց շուրջ կես տարի։

Այս ժամանակահատվածում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» իրավապաշտպան կազմակերպությունը բազմաթիվ հրապարակումներ է կատարել Արթուրի խնդիրների մասին, ահազանգել Պաշտպանության նախարարությանն ու Մարդու իրավունքերի պաշտպանին։ Մեր՝ խնդրի հետևողական բարձրաձայնումներից հետո Պաշտպանության նախարարությունը որոշեց Արթուրին տեղափոխել զինվորական հոսպիտալ բուժում ստանալու։

«Երեք շաբաթով պարկեց հոսպիտալում, որից հետո 15 օրով արձակուրդ տվեցին, եկավ տուն։ Հոսպիտալումից դուրս գրելիս հոգեբանն ասաց, որ իվիճակի չէ ծառայության։ Տուն գալուց հետո էլի 10 օրով պարկեց, որից հետո էլի մեկ ամսով արձակուրդ տվեցին, դրանից հետո էլ վերջնական զորացրման թուղթը տվեցին»,-ասաց մայրը՝ Ոսկի Բ․-ն, նշելով, որ տարածքային զինկոմիսարիատից էլ շուտով զինգրքույկն են տալու։

Մայրը նշում է՝ որդին առողջական լուրջ խնդիրներ ունի։ «Հիմա այնպես չէ, որ լիարժեք բուժված է, որովհետև դեղերը, որոնք իրեն պետք է հանգստացնեն, որևէ կերպ իր վրա չեն ազդում։ Դա հոսպիտալում են փորձել ու տեսել են, որ չի ազդում։ Ինչ եկել ենք տուն՝ չորս օր է, նոր-նոր սկսել է քնելը, մինչ այս երկու-երեք օրերով չէր քնում տանը։  Տանը, որ փոքր երեխաները լացում են, ինքն այդ ձեները լսելով հարցնում է․ «էս ո՞ւմ խփեցին, էլի՞ մարդ են ծեծում», բայց աչքերը փակ է խոսում»։

Արթուր Բ․-ն հոգեբանական թերապիաների անհրաժեշտություն ունի։ Ոսկի Բ․-ի խոսքով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հոգացել է հոգեբանի ծառայության վճարները, սակայն, ընտանիքը ֆինանսական միջոցներ չունի Արմավիրի մարզից Երևան հասնելու համար։ «Հիմա չգիտեմ, թե ինչ անեմ։ տանը երեխաները շատ են, ֆինանսից շատ ենք նեղվում, Արթուրն էլ ասում է՝ ոչինչ, հետո կգնամ հոգեբանի մոտ»,-ասաց մայրը՝ նշելով, որ ութ երեխա ունի, որից մեկն ամուսնացած է,  երեք դպրոցահասակ, երկուսը՝ մանկահասակ և Արթուրը։

Ընտանիքը նաև բնակարանի խնդիր ունի։ Ծնողները, յոթ երեխաների հետ բնակվում են մեկ սենյականոց բնակարանում։

Ընտանիքին ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել խմբագրության հետ։

Նարեկ Կիրակոսյան 

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest