Արցախում շփման գծում լարվածության հետևանքով վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին է փոխանցել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ նշելով՝ մյուս զինծառայողները շարունակում են բուժումը բժշկական հաստատություններում:

Ըստ Թորոսյանի, 10 վիրավոր բուժումը ստանում է Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը։

«Վերջինիս առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթև, ապաքինվում են»,-ասել է Թորոսյանը։

Շփման գծում իրավիճակը լարված է օգոստոսի 1-ից։ Օգոստոսի 3-ին ՊԲ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ: Օրվա ավարտին հայկական կողմը հայտնեց երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին:
Վերջին օրերին շփման գծում իրավիճակը թեև հարաբերական կայուն է, սակայն լարվածությունը պահպանվում է։ Երեկ հայկական կողմը հաղորդեց ևս մեկ վիրավորի մասին։ Այսօր առավոտյան Պաշտպանության բանակը հայտնեց, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել, որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest