«Պուճուրիս իրա «Հումանա» կերն եմ տվել, մենք էլ, մեծ երեխեքի հետ հաց, պանիր, սոխ, վարունգ ենք կերել». մի դրվագ նախկին դատապարտյալի կյանքից

251

34 տարեկան Անուշավան Գալստյանը երկու անգամ դատապարտված է եղել գողության համար։

2008 թվականին նա ընկերների հետ դպրոցից համակարգիչ էր փորձել գողանալ, գորգ, հեռուստացույց և  18 մետր վարագույր, բայց չի կարողացել, բռնվել է ոստիկանների կողմից։ Այն ժամանակ նա ընդամենը 20 տարեկան էր։

Երկրորդ անգամ գողության է գնացել 3 տարի անց՝ 2011 թվականին։

«Երևան Ջուր» ՓԲԸ-ին պատկանող անձրևաջրերի հեռացման համար նախատեսված դիտահորերի 2 ցանց էր գողացել, ընկերությանը պատճառելով 64 հազար դրամի վնաս։ Դուրս է եկել, ոտքի է կանգնել, ամուսնացել է, նույնիսկ տեր է կանգնել իր կնոջ՝ 38 տարեկան Աղաբեկյան Արմինեի երկու երեխաներին։ Մեկը 7 ամսական է եղել, մյուսը 4 տարեկան։

Արմինեին Անուշավանը փնտրել է դեռ կալանավայրում եղած ժամանակ։ «Ես մոտ ընկեր ունեի, հարազատ, ասեցի՝ ախբեր, ես չեմ ուզում վերադառնամ էս կեղտոտ կյանքին, ինձ համար մի կին գտիր»։ «Ախբերն» էլ գտել է։ Բա՝ սենց–սենց աղջիկ ա, բաժանված ա, երկու հատ էլ երեխա ունի։ «Ասեցի՝ խնդիր չկա։ Կյանք ա, ամեն ինչ էլ ամեն մարդու հետ կարող է՝ կատարվել։ Որ գողություն արեցի, երեխա էի, ոչ մի բան չէի հասկանում։ Էս երկրորդ սռոկով ինքս ինձ ուղղեցի»,– ասում է Անուշավանը։

Արմինեից Անուշավանը ևս 4 երեխա է ունեցել, և հիմա բազմազավակ հայր է։ Հպարտանում է․ «3 աղջիկ ունեմ, 3 տղա։ Իմ մեծ տղեն 8 տարեկան է, Սերոժիկս՝ երեք, պուճուր տղես 1 տարի 8 ամսական է, աղջիկս 12 տարեկան է, մյուս աղջիկը 8 տարեկան է, էն մեկն էլ 5 ամսական աղջիկ ա»։ Պահում, փայփայում է 6 երեխաների։ Հպարտանում է մեծերով․«Երեխեքս գերազանիկ են սովորում։ Մեկը երկրորդ դասարան է, մեկը՝ չորրորդ, Սուսանիկս էլ 7–րդ դասարանում է։ Իմ երեխեքը լավ են սովորում։ Ես նենց եմ դաստիարակում, որ ինձ նման չմեծանան»։

Բացի Անուշավանից, նրա կնոջից և վեց երեխաներից Սարի Թաղի կիսավեր պապենական տանը բնակվում են Անուշավանի հաշմանդամ հայրը, մայրը անշարժացած, երկու անգամ կաթված է տարել, ինչպես նաև մտավոր խնդիրներ ունեցող երկրորդ կարգի հաշմանդամ քույրը։

3 սենյականոց տանը տարրական հարմարություններ չկան։ Անգամ զուգարանը առանձնացված չէ բնակարանի մյուս մասից։

«Տաք ջուր չունենք։ Չայնիկով ջուր ենք տաքացնում, երեխեքին լողացնում ենք։ Բայց ես ահագին գործ եմ արել, տենց մի նայեք։ 25 ԶԻԼ զիբիլ եմ այստեղից թափել։ Ես որ գաղութից ազատվա, եկա, էս պապենական տունս զիբիլանոց էր դարձել։ Ռեմոնտ չեմ արել, բայց ինչը որ կարողացել եմ, արել եմ, ինչը որ չեմ կարողացել՝ չէ։ Ջրեր եմ քաշել, զուգարանի կողքի 3 մետրանոց հորն եմ փակել։ Լավ ա, երեխա մեջը չի ընկել»։

Լավ, գոնե զուգարանիդ պատը սարքի՝ հոխորտում եմ։ «ցավդ տանեմ, որ հնարավորություն ունենամ, կսարքեմ, Էդ զուգարանի պատը կսարքեմ, դա հէչ, բայց շինանյութ չունեմ։ Գոնե մեկը որ շինանյութ տա, կսարքեմ։ դեմի պատը սաղ ես եմ փակել, տեղ պատ չկար։ Քամի էր խաղում։ Ավերակներ էին, սա տուն չէր։ Էն ժամանակ, որ փոքր էի, ես առանց պատերի եմ մեծացել։ Հիմա գոնե պատ կա, դասավորված, սարքած է», – արդարանում է Անուշավանը։

Նա բանվորություն ու պատահական աշխատանքներ է կատարում մասնավոր պատվերներով։ Մեկի տանիքն է նորոգում, մյուսի պատը ներկում։ «Օր է լինում՝ 3 հազար եմ ստանում, օր կա՝ 5, վախտ ա լինում, 2 հազար եմ առնում, որ գնամ, երեխեքին չոր հաց առնեմ։ Նպաստն էլ ստանում եմ, անցնում եմ խանութներով, որ նիսաներս փակվեմ։ ահցժմաց եմ վեկալած լինում, տանում եմ, նպաստով միանգամից փակվում եմ, որ էլի կարողանամ վերցնել», – ասում է նախկին դատապարտյալը։ Վստահեցնում է՝ գողության համար բռնված մարդու համար գործ գտնել հեշտ չի, բայց ինքը աշխատում է, ինքը ուղղվել է ու բոլորին դա ապացուցում է իր աշխատանքով։

Անուշավանի կինը՝ Արմինեն գանգատվում է, որ միշտ չեն հասցնում երեխաների սնունդը ապահովել։ Օրինակ, ի՞նչ եք կերել այսօր՝ հարցիս պատասխանում է․ «Պուճուրիս իրա «Հումանա» կերն եմ տվել, մենք էլ, մեծ երեխեքի հետ հաց, պանիր, սոխ, վարունգ ենք կերել։ Ըսկի խալադելնիկ չունենք, մի օրվա ուտելիք ենք բերում, որ չփչանա»։ Բայց ամենից շատ նեղվում են, որ հեռուստացույց չունեն․«Հին հեռուստացույց է, մեկ անջատվում, մեկ միանում»։

6 երեխաների համար ընտանիքը 57 հազար դրամ նպաստ է ստանում։ Առաջ ստանում էր 60 հազար։ 3 հազարը կրճատեցին։

Սյուզան Սիմոնյան