Արցախի Եղցահող համայնքը երեք կողմից հայտնվել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ․ թշնամին օգոստոսի 1-ից սկսած գործողությունների արդյունքում գրավել է այն բարձունքները, որտեղից հնարավոր է դարձել նշանառության տակ պահել գյուղը և արոտավայրերը։

«Մոտավորապես  1 կմ առաջ են եկել։ Կրակոցների ձայներից իմացանք, որ առաջ են եկել»,-ասաց գյուղի երիտասարդներից մեկը՝ Գուրգենը։

Եղծահողում  դիրքերի գրավման համար մեղադրում են ռուս խաղաղապահներին։ Բանն այն է, որ, ըստ բնակիչների, ռուսական կողմը հայկական կողմին առաջարկել է հետ քաշվել այդ տարածքներից, որպեսզի իրենք տեղակայվեն, սակայն, ադրբեջանական կողմ առաջ է եկել։

«Առաջ բանակն այստեղ էր, հանել են։ Բանակը երեք պոստ էր պահում, լավ դիրքեր ու բարձունքեր էր։ Ռուսները եկան մեզ պոստերից հանեցին, որ մթոմ մնան այտեղ։ Թուրքին էլ՝ թե դուք էլ հետ պետք է քաշվեք։ Թուրքն էլ եկավ նետրալ գոտի, որտեղից որ ամբողջ գյուղը նայում է»,- ասում է գյուղի բնակիչ Վախթանգը։

Եղծահողում, ըստ էության,  «Փառուխ-2» օպերացիան է տեղի ունեցել։ Հիշեցնենք՝ այս տարվա մարտ ամսին կրկին ռուսական կողմի առաջարկությամբ հայկական կողմը հետ էր քաշվել Խրամորթ և Փառուխ համայնքների վերահսկողության տակ գտնվող բարձունքներից՝ նույն հավաստիացմամբ, որ խաղաղապահներն են տեղակայվելու, սակայն, ադրբեջանական կողմը գրավել էր բարձունքները՝ այդ թվում՝  Ասկերանն ու հարակից գյուղերը նշանառության տակ պահող Քարագլուխը։ «Փառուխի կրկնօրինակությունն է, նույն ձևով և տակտիկայով»,-շարունակում է Վախթանգը։

Նա գյուղի խանութպանն է։ Վերջին լարվածությունից հետո խանութ նոր պարանք չի կարողանում բերել։ Ասում է՝ Ստեփանակերտ գնալու համար գումար է անհրաժեշտ, սակայն, այս լարվածության ֆոնին ինչպես համագյուղացիներից պարտքերը հավաքի։

«Քանի օր է ուզում էի գնալ ապրանքի, բայց որ խառնվեց, չեմ գնում։ Պարտքերը պետք է հավաքեմ, չեն տալիս»,-ասում է նա ու ցույց տալիս «նիսիայի» տետրը։

Եղցավանում անելանելի իրավիճակում են հայտնվել։ Մտահոգված են, թե ինչպես են զբաղվելու անասնապահությամբ, քանի որ գյուղի արոտավայրերը ուղիղ թշնամու նշանառության տակ են։

«Գյուղում ուժեղ լարվածություն կա, քանի որ թշնամուն ամեն մի տուն երևում է, նշանառության տակ ենք։ Երեք կողմից շրջափակված ենք թուրքերով։ Մեր արոտավայրերի բարձունքերում նստած են։ Խոտ կա, որ գյուղացիները վախենում են բերեն, տեխնիկայի մի մասն է մնացել։ Անասուններին էլ այս արոտներ չենք հանում։ Այս ձևի էլ ապրում ենք»,-ասաց բնակիչներից Ժիրայրը։

Գյուղում մեր նկարահանումների ամբողջ ընթացքում ԱԹՍ-ների թռիչքի ձայներ էր լսվում։ Եղցավանցիների համար այն սովորական է դարձել։  «ԱԹՍ-ն մեզ համար սովորական է դարձել, թե գիշերը, թե ցերեկը։ Ամբողջ օրը ֆռում են, նկարահանում են»։

Ադրբեջանցիներն ավելի վաղ, երբ իրենց էր անցնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ վերապահված տարածքները, դադարեցրել էին Եղցավանի ջրամատակարարումը։ Գյուղում ջրագիծ այլ վայրից են անցկացրել, սակայն, էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքներում բարեկարգման աշխատանքերով պայմանավորված գյուղը օրվա մեծ մասը հոսանքազրկված է՝ բնակիչները կրկին ջրի խնդրի առաջ են կանգնում։

«Ջուրը կտրել են, մարդիկ մնացել են առանց ջուր, հետո գնացել ուրիշ տեղից են ջուր բերել։ Հոսանք էլ չի լինինում մինչև 9-ը, որ ջուր վերցնեն՝ նասոսները չեն աշխատում: Մարդիկ առանց ջուր և առանց հոսանք են, սա է իրավիճակը»,-ասաց գյուղացիներից մեկը։

Եղցավանի համայնքապետ Արտակ Հակոբյանն էլ նշում է, որ իր տեղեկություններով ադրբեջանական կողմը շուտով հետ է քաշվելու։ Բնակիչները, սակայն, նման վստահություն չունեն։ Թեև լարված իրավիճակին եղցավանցիները գյուղից չեն հեռացել և փոխանցեցին, որ նման մտքեր էլ չունեն։

Մանրմասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest