2022 մայիսի 28-ին Սյունիքի դիրքերում թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանին, ըստ հոր պնդումների, պատշաճ բժշկական օգնություն չի տրամադրվել, ինչն էլ հանգեցրել է մահվան։ «Եթե բժիշկ լիներ մոտները, մեքենայի ճանապարհ լիներ, որ մեքենան կարողանար մոտենար իմ երեխային, կփրկվեր»,-հունիսի 27-ին  Forrights.am-ի հետ զրույցում ասել էր Դավիթի հայրը՝ Վահան Վարդանյանը։

Forrights.am-ը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին մի շարք հարցեր էր ուղղել, թե իրավապահ կառույցը փորձո՞ւմ է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝ դիրքերում, որտեղ Դավիթն է ծառայել, եղե՞լ են առաջին բուժօգնության պարագաներ, բուժակ կամ բժիշկ, ենթակառուցվածքներ՝ վիրավորին հոսպիտալ տեղափոխելու համար։ Եթե թվարկվածները չեն եղել, ապա ՔԿ-ն փորձելու է ճշտել՝ ովքե՞ր են մեղավորները։

Ծնողներն ավելի վաղ մեզ հետ զրույցում փոխանցել էին՝ Դավիթի ծառայակիցները երկու ժամ փորձել են հաղթահարել դիրքերից դեպի ճանապարհ տանող քարքարոտ ու ժայռապատ ճանապարհները, որպեսզի կարողանան վիրավոր տղային հասցնեն շտապօգնության մեքենան, քանի որ խրամատներ տանող ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ չկան։

Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցից մեր այս հարցերն անպատասխան են թողել։ ՔԿ-ն՝ բուժակ, ճանապարհ եղե՞լ են, թե՞՝ ոչ հարցի պատասխանները համարել է նախաքննական գաղտնիք։ Միաժամանակ նշել են, որ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձիք դեռևս չկան։

Միաժամանակ ՔԿ-ից փոխանցել են, որ Դավիթ Վարդանյանի մահացու վիրավորում ստանալու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է՝  ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Թե զորամասի ո՞ր պաշտոնյաներն են անփույթ վերաբերմունք դրսևորել և ինչպե՞ս են դրանք արտահայտվել, ՔԿ-ն չի հստակեցրել։ Արդյո՞ք անփույթ վերաբերմունքը ներառում է նաև մեր թվարկված խնդիրները, կրկին նախաքննական մարմինը չի պարզաբանե։ Այս քրգործը հարուցվել է Դավիթի մահվանից շուրջ 20 օր անց։

Իսկ ահա մահվան հաջորդ օրը՝ մայիսի 29-ին հարուցվել էր քրգործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով։ Այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանությունը։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ այս երկու քրգործերը միավորվել են և քննվում են մեկ վարույթում։

Հիշեցնենք՝ Հայաստանի առաջին հանրապետության օրն էր  Դավիթը ոտքի աճուկային շրջանում  վիրավորում  ստացել։  Հայրը նշել էր, որ գնդակն աջ ոտքի կողմից աճուկով անցել է,  ներքին օրգանները վնասել է և կանգ է առել որդու մարմնում։  Հայկական դիրքերն այդ հատվածում մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում ադրբեջանական դիրքերից։

Դավիթ Վարդանյանը բանակ էր մեկնել 2020 թվականի օգոստոսին։ Ծառայել էր Եղնիկներում՝ Քյոխի հրամանատարությամբ։ Զորակոչվելուց  մեկ ամիս անց սկսվել էր 44-օրյա պատերազմը։ Ծնողները երեք ամիս տղայից լուր չէին ունեցել։ Դեկտեմբերին Դավիթն անակնկալ արձակուրդ էր եկել։ Հայրն ու մայրը պնդում են՝ իրենց տղային հոգեբանական լուրջ խնդիրներով կրկին բանակ էին տարել։ Դավիթը ծառայությունն ավարտելու էր այս տարվա օգոստոսի 11-ին։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest