«Դավոյիս մահից հետո որոշեցի պտղատու ծառերով այգի տնկել, որ ամեն տարի բերքը հասնի ծնողին»․զոհվածի հայր

4523

 

Դավիթ Ուզունյանը ծնվել է 2001թ․հունվարի 1-ին Երևանում։ 21-րդ դարի առաջին հայը Փյունիկ ֆուտբոլային ակումբի խաղացող էր, սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Ծառայելու էր 2019թ․հուլիսի 6-ին, սակայն հուլիսի 1-ի ավտովթարը փոխեց իրավիճակը․ձեռքն էր կոտրվել․

«Զինկոմիսարիատում ասում են՝ գոնե մեկ տարի պետք է հետաձգել ծառայությունը, բայց Դավիթս դիմեց նախարարություն՝ ասելով, որ անպայման պետք է ծառայեմ»,-պատմում է հայրը՝Բագրատ Ուզունյանը։

Հուլիսի 31-ին զորակոչվեց բանակ։ Ծառայությունն անցավ Եղնիկներում՝ Մռավ լեռան ամենաբարձր դիրքում։

«Հենց առաջին օրը իր մոտ էի, խոստացա, ասեցի՝ Դա՛վ ջան, դու էստեղ չես մնա, ամեն ինչ կանեմ Եղնիկներից քեզ կտեղափոխեմ։ Ասեց՝ պա՛պ, հլը էս սար ու ձորը նայի, էս թողնեմ ու՞ր գնամ»։

Պատերազմի նախորդ օրը Դավիթի մոտ են եղել։ Տեսակցել են ընդամենը 20 րոպե։ Տեղում իմացել են՝ իրավիճակը լարված է։ Հայրն այդ մասին հարցրել է Դավիթին ուղեկցող սպային ու մի զինվորի, նրանք թե կուտակումներ կան։

«Դավոյիս հարցրի, ասեց՝ պա՛պ, որ լարում լինի, ինձ կթողեյի՞ն՝ ես գայի ստեղ։ Հավատացի։
Ժամը 7։00-ին պատերազմը սկսվել էր, հասնում են դիրք։ Ինձ հետո ընկերներն են պատմել, որ ամսի 27-ի երեկոյան շատ ուժեղ հարձակում է լինում հենց իրենց դիրքի վրա։ Դավիթը տեսնում է, որ թուրքերը մոտիկացել են դիրքին, նռնակներ է վերցնում մի քանի հատ, սողեսող առաջ գնում ու վնասազերծում նրանց»։

Սխրանքի համար արժանանում է «Մարտական խաչի»։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 1-ին։ Հետմահու պարգևատրվել է արիության և մարտական ծառայության մեդալներով։

Որդու մահից հետո հայրը տղաների հիշատակին նվիրված այգի է բացել։ Այգու ծառերը կրում են որդու և 44-օրյա պատերազմի զոհերի անունները։ Ժամանակ առ ժամանակ ծնողներ են գալիս, ծառատունկ է լինում։

«Դավոյիս մահից հետո որոշեցի պտղատու ծառերով այգի տնկել, որ ամեն տարի բերքը հասնի ծնողին։ Միտքն այն է, որ սա որևէ շահույթ չի հետապնդում, տարածքը կողպեք չունի, և ծնողները կամ լավ հայ լինելը հերիք է, որ գան ու իրենց օրն անցկացնեն այստեղ։ Ես շատ եմ ուզում, որ անընդհատ մարդիկ գան Դավիթիս հիշեն, մեր զոհված տղաներին հիշեն»։

Եռաբլուրում՝ Դավիթի շիրիմի կողքին Էդգար Զաքարյանի շիրիմն է, ում հիշատակին պարոն Բագրատը ծառ է տնկել։

«Լավ չէի ճանաչում էտ երեխուն։ Ծնողների հետ ծանոթության ընթացքում, իմացա՝ կյանքում հաղթանդամ տղա է եղել ու հիմա իր ծառն ամենափարթամն է»։

Ծառերն ընդամենը մեկ տարեկան են, սակայն նրանցից մեկի վրա արդեն դեղձ կա։ Այն «պապա» անունն է կրում, հայրիկինն է։

 

Քնարիկ Վարդանյան

Անի Գևորգյան