ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմից հանցավոր այս վարքագիծը դատապարտելի է, այն ուղղակիորեն վտանգում ու ըստ էության զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք, ինչն էլ հենց խաղաղության ամենակենսական բաղադրիչն է։

«2022 թվականի օգոստոսի 1-ին, 2-ին և այսօր Արցախի տարբեր ուղղություններով ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի արգելքի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական պետության ստանձնած պարտավորությունները»,-նշել է նա:

Քրիստինե Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմից հանցավոր այս վարքագիծը դատապարտելի է, այն ուղղակիորեն վտանգում ու ըստ էության զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք, ինչն էլ հենց խաղաղության ամենակենսական բաղադրիչն է։ «Հանցավոր այս գործողություններն անմիջապես պետք է դադարեցվեն։ Անկախ դեպքերի աշխարհագրությունից ու ներգրավված կողմերի ռազմաքաղաքական նկրտումներից, խաղաղ բնակչության կյանքի և մյուս իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը պետք է ստանա իր ճշմարիտ գնահատականը։ Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, հակամարտության լուծմանը ներգրավված միջազգային այլ դերակատարներին գործադրելու առավելագույն ջանքերը՝ Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի իրական ապահովման ուղղությամբ», ընդգծել է ՄԻՊ-ը:

Pin It on Pinterest