Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում փաստաբան Արթուր Հարությունյանը հայտարարեց, որ մեղադրական եզրակացությունում արտացոլված չեն փորձաքննության այն հատվածները, որում նշված է, որ ձայնագրությունը բնօրինակ չէ և հստակ հնարավոր չէ պարզել։ Նա ընդգծեց, որ արտացոլված չէ նաև փորձաքննությամբ իրականացված վերլուծման բովանդակությունը, որն ունի խիստ անկյունաքարային և ծայրահեղ նշանակություն․

«Փորձաքննությունը ցույց է տալիս, որ ձայնագրությունում կան արտահայտություններ, որոնք չեն պատկանում Ավետիք Չալաբյանին, սակայն, «չգիտես»՝ ինչու այս մասին որևէ նշում չկա։ Մեր կողմից արձանագրված վերը հիշատակված բաց թողումները ցույց են տալիս, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքին, հետևաբար այս հիմքով սույն դատական նիստը ենթակա է հետաձգման»։

Փաստաբանը դատարանին հերթով ներկայացրեց բոլոր այն կետերը, որոնք բացակայում են մեղադրական եզրակացությունում․

«Ոչ ամբողջությամբ է ներկայացված Չալաբյանի ցուցմունքը այն հանգամանքների վերաբերյալ, որ նա ներկայացնում է՝ ի պաշտպանություն իրեն։

Քննիչը չի նշել, թե ինչ գործողություններ է իրականացվել առկա հանգամանքերը ստուգելու ուղղությամբ, ընդհակառակը ցուցմունքերում հայտնված տեղեկությունները չեն ընթերցվել նախաքննության ընթացքում։

Արտացոլված չէ Թոռնիկ Ալիյանի և Ավետիք Չալաբյանի առերես հարցաքննության այն հատվածը, որտեղ Ալիյանը հայտնում է՝ Չալաբյանը իրեն որևէ գումար չի առաջարկել, ասել է՝ Էմմա Սարգսյանից այդ մասին իմանալուց հետո այն շոկային է եղել իր համար, որովհետև իր կարծիքը Չալաբյանի նկատմամբ այլ է եղել։

Արտացոլված չէ Էմմա Սարգսյանի ցուցմունքի այն դրվագը, որտեղ նա հայտնում է, որ Չալաբյանը իրեն ասել է՝ երկու միլիոն դրամ 2000 ուսանողի համար, սակայն ինչ նպատակով՝ չի ասվել»,-նշեց փաստաբանը ավելացնելով՝ իրենց կողմից ներկայացվել է գործով վկա Արման Սարգսյանին, վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանին, ինչպես նաև MediaNews կայքի ողջ անձնակազմին հարցաքննելու վերաբերյալ միջնորդություն, որը մերժվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից։

Հիշեցնենք՝ Չալաբյանի կալանավորման հիմք է հանդիսացել մայիսի 9-ին MediaNews լրատվական կայքում հրապարակված ձայնագրությունը՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ՈՒԽ-ի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին» վերտառությամբ։

2022թ․մայիսի 12-ին Քննչական կոմիտեն տարածել էր հայտարարություն, ըստ որի, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest