Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ կայուն-լարվածությունը պահպանվում է:

«Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար», — ասված է հաղորդագրությունում:

Արցախի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հաղորդեց՝ առավոտից Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմից տուժածներ չկան։ Բաքուն հերքեց հայկական կողմի պնդումները՝ դրանք որակելով «սադրանք և սուտ»։

Ավելի ուշ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Նախարարության այսօրվա տեղեկություններով՝ Ալբերտ Բախշիյանի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest