«Ո՞ վ կմտածեր, որ մի օր կհայտնվենք այս իրավիճակում»,- ասում է 94 թվից Բերձորում վերաբնակեցված Սաթենիկ Մելքոնյանը, ով այժմ իր ընտանիքի վեց անդամների հետ ապրում է մեկ սենյականոց բնակարանում:

Սաթենիկը, ինչպես շատ բերձորսիներ, ամբողջ կյանքում աշխատել էր, ստեղծել էր իր տնտեսությունը, սակայն պատերազմի հետեւանքով կորցրել է ամեն ինչ:

«Մինչեւ այս պատերազմը ու տարհանումները ես այնտեղ ապրել եմ, աշխատել եմ: Տնտեսթյոուն ենք ունեցել, երեխաներից եմ այնտեղ ամուսնացրել: Երկու աղջիկ ունեմ ու մեկ տղա: Մեզ համար ապրում եինք, աշխատում էինք… Սկզբից եկանք, տարան կացարաններում ապրեցինք, հետո կացարանի տերը ժամանակավոր էր տվել, ձմեռն անցկացրինք ու դուրս եկանք: Հիմա մի փոքր սենյակ ունեմ, համասեփականատեր եմ: Այդ մեկ սենյակում յոթ հոգով ապրում ենք` ես, չորս թոռս, հարսս, տղաս: Մի ձեւ գոյատեւում ենք: Ոչ կոմունալ հարմարություններ ունենք, ոչ նորմալ պայմաններր: Այո, վարձ չեմ տալիս, բայց այսպես ապրելը ապրել չի: Բոլորս իրար գլխի լցված մնում ենք»,- պատմում է տեղահանված կինը:

Նրա խոսքով, ստեղծված անորոշ իրավիճակից ամենաշատը տուժում են դպրոցահասակ երեխաները, ովքեր չեն կարողանում կենտրոնանալ ուսման վրա. «Երեխաներին այստեղից այնտեղ ենք տանում, մեկ այս դպրոցն ենք տալիս, հետո հանում ենք մյուս դպրոցն ենք տանում, խեղճ էրեխեքը ոչ նորմալ կրթություն են ստանում, ոչ էլ: Չգիտեն ինչ անեն»:

Սաթենիկ Մելքոնյանի խոսքով, այն մասին, որ պետությունը իրենց սեփականություն ձեռք բերելու սերտիֆիկատ է տրամադրելու, իմացել են համացանցից.

«Հայտարարությունն ենք կարդացել, որ սեփականության փոխհատուցման սերտիֆիկատներ պետք է տրվեն, բայց մենք դեռ չենք ստացել: Կան մարդիկ ովքեր ստացել են, մենք դեռ սպասում ենք: Մարդիկ կան, որ մի կերպ տուն են ճարել, գնացել, խոսացել են այդ մարդկանց հետ, բայց այս սերտիֆիկատով գործարք անելու դեպքում բանկը պետք է գնա, գնահատում անի: Բանկը գնացել է ու տունը գնահատել է ավելի քիչ, քան տերը վաճառում է: Այդ մարդն էլ, համաձայն չի տունը այդ գնով վաճառել: Ո՞նց ենք այդ պայմաններով տուն գտնելու: Տների գները ահավոր թանկացել են ու ոչ ոք չի հասկանում, թե տրվող սերտիֆիկատներով ինչ կարելի է անել: Հույսով սպասում ենք, այնպես չի, որ հույսներս կտրել ենք»:

Բերձորում ամբողջ ունեցվածքը թողած կինը ասում է` ոչ թե ափսոսում է իր կորցրածը, այլ այն, թե ինչ դժվարությամբ էր վերաբնակեցումից հետո կարգավորել իր ընտանիքի կյանքը. «Առանց ամուսին եմ մեծացրել երեք երեխաներիս: Մայրս էր օգնում, հետո նա մահացավ: Մորս գերեզմանը հիմա Բերձորում է… մորս գերեզմանն էլ մնաց այնտեղ…»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest