Կոսովոյում եւ  Աֆղանստանում  ծառայելուց  հետո  զոհվեց  Հադրութում

127

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 39-ամյա  Էրիկ Եգանյանը փորձառու զինվորական էր, հետախույզ:  Զինծառայությունն ավարտելուց հետո նա ավարտել էր թիկնապահների դպրոցը, իսկ հետո ծառայել է ՀՀ  ԶՈՒ խաղաղապահ բրիգադում, եղել է պայմանագրային  զինծառայող:  Էրիկը խաղաղապահ առաքելությամբ եղել է Կոսովոյում, Աֆղանստանում:

«Օրերս Էրիկ Եգանյանի սահմանած ռեկորդը գրանցվեց  ՀՀ  «Դյուցազնագրքում»` Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում:   «Դյուցազնագրքում » ընդգրկվում են մտավոր եւ ֆիզիկական բացառիկ ունակություններով օժտված, ինքնատիպ ռեկորդներ սահմանած հայորդիները »,- գրված է  «Հայ զինվոր » հանդեսում (3-9 հունիսի, 2020թ.):  Իսկ արդեն նրա զոհվելուց հետո նույն հանդեսում` մեկ այլ հրապարակման մեջ, նշված է, որ Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում` քսան րոպե քառասունհինգ վայրկյանում 15 սմ երկարության 559 մեխերը չորս մետր հեռավորությունից  Էրիկը նետել էր նշանաթիրախին:

Մորաքրոջ` Սուսաննա Դավթյանի պատմելով, Էրիկը մասնակցել է նաեւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին, ահավոր ծանր է տարել զոհված տղաների կորուստը:

2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Էրիկ Եգանյանը ծառայել է Հադրութում: Զոհվել է հոկտեմբերի 21-ին:

Տիկին Սուսաննան պատմում է, որ Էրիկի հետ հեռախոսազրույցի ժամանակ երբեմն լսել է պայթյունի ձայներ: Ընկերների պատմություններից հայտնի է դարձել, որ Էրիկը տղաների հետ գիշերով անցել է գրավված տարածքներ, այնտեղից  բերել մեր զինվորներին: Իսկ Էրիկի զոհվելուց առաջ տղաները նկատել են իրենց դեմը դուրս եկած համազգեստավորների, որոնք հայերեն են խոսել: Երբ նրանք մոտեցել են, Էրիկը զենքերից հասկացել է, որ նրանք ադրբեջանցիներ են, հրամանատարից առաջ է անցել, նրան հրել է, գցել բարձունքից  ցած, որպեսզի նա փրկվի: Եվ այդ ժամանակ էլ Էրիկը զոհվել է:

Տիկին Սուսաննան հիշում է, որ Էրիկը շատ խիստ եւ բարի հայր է եղել, տղային տարել է հրաձգարան:

Էրիկը հուղարկավորված է  «Եռաբլուր » պանթեոնում, հետմահու  արժանացել բազմաթիվ  շքանշանների ու պարգեւների:

«Հենց Էրիկի հուղարկավորության օրը քրոջս հարեւանը պատմում է, որ երկու զինվորական են իջնելիս եղել, Արցախից եկել էին, որ հուղարկավորության արարողությանը մասնակցեն, հետ գնան, մարտական հանձնարարություն կատարեն: Մեկը մյուսին հարցրել է, թե բա որ գնանք, Էրիկը մեզ հետ չէ, ո՞նց ենք հետ գալու, նա այդ հարցերում կողմնորոշվող էր, վտանգը զգացող »,- ասում է Սուսաննան:

Սուսաննան ասում է,  որ երբ Էրիկի մայրը որդու նկարով  կախազարդով նրա շիրմին այցելելիս է  եղել,  ավտոբուսի վարորդն անմիջապես ճանաչել  է Էրիկին եւ հետաքրքրվել, թե այդ տղա՞ն էլ է զոհվել:

«Ընկերներից  մեկը պատմում  էր  նաեւ, թե ինչպես հերթական հանձնարարություն կատարելու են գնացել, ասել է, որ մի սրբապատկեր ունի, որը մոռացել է վերցնել, Էրիկն  ասել է` ես իմը կտամ քեզ: Իսկ դա նշանակում է, որ Էրիկը պատրաստ էր նաեւ կյանքը զոհաբերելու »,- ասաց  Սուսաննան:

Թագուհի  Հակոբյան