«Արցախի բանակը դադարում է գոյություն ունենալ»․ քաղաքագետ

56

«Արցախի բանակը դադարում է գոյություն ունենալ»․ այսպիսի դիրքորոշում է հայտնում քաղաքագետ Արմեն Հովհանիսյանն՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Արցախի բանակում այլևս  Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն ծառայի, իսկ պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակին օգնելու համար Արցախ գնացած ստորաբաժանումների՝ Հայաստան վերադառնալու գործընթացը կավարտվի սեպտեմբերին։ Արմեն Գրիգորյանը միաժամանակ տեղեկացրել էր, որ Արցախի պաշտպանությունն իրականացնելու են Արցախի նորակոչիկներն ու պայմանագրային զինծառայողները։

«Արցախի ՊԲ-ի զինվորների մեծ մասը Հայաստանից մեկնած նորակոչիկներն էին, ուստի նրանց Արցախ չմեկնելն անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացնելու»,-շեշտում է Արմեն Հովհաննիսյանը և ընդգծում․

«Պայմանագրայինները չեն կարող ապահովել անվտանգությունը։ Նայեք արցախա-ադրբեջանական սահմանի երկարությունը և մոտավորապես հաշվեք, թե քանի սահմանապահ պետք է լինի այդտեղ։ Եթե Հայաստանի մասնակցությամբ հազիվ՝ ոչ այնքան իդեալական, ձևեով էր դա արվում, ապա պատկերացրեք, թե ինչ կլինի հիմա։ Այդ քանակը բավարար չէ»։

2020 թվականի պատերազմի հրադադարից հետո ադրբեջանական կողմը բազմիցս խաղթել է հրադադարի ռեժիմը։ Մահացու և մարմնական վնասվածքներ են հասցրել հողամասում աշխատող գյուղացու և ջրագիծ անցկացնող բանվորների ուղղությամբ։ Բացի այս ահաբեկել են Խրամորթի և Փառուխի բնակիչներին, որին հետևել էր Փառուխի գրավումը։ Այս իրավիճակն ունենալով հարց է առաջանում՝ Հայաստանի զորքերի դուրսբերումից հետո ինչպես է ապահովվելու Արցախի անվտանգությունը։

«Ռուսաստանն իր վրա է վերցրել անվտանգության ապահովումը, խաղաղապահ առաքելությունն իրականացնում է շատ վատ։ Ադբեջանի համար շատ կարևոր է, որպեսզի արցախահայությունն իրեն զգա լքված, զգա վտանգի տակ և լքի Արցախը։ Արցախի հայաթափումն իրենց կարևոր նպատակն է, իսկ սա գործոններից մեկն է, որ կարող է մարդկանց մեջ վախ առաջացնել, որ հեռանան Արցախից»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, որ  Արցախում այլևս ՀՀ-ից մեկնած զինվորներ չեն ծառայելու, հաջորդում է  մի քանի օր առաջ արված Ալիևի այն ելույթին, թե  44-օրյա պատերազմից 1 տարի և 8 ամիս անց Հայաստանը դեռ չի կատարել ստանձնած պարտավորությունները զորքերի դուրսբերման առումով, մինչևդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն, ըստ Ալիևի,  Բաքվում խոստացել էր, թե հայկական զորքերը դուրս կբերվեն Ղարաբաղից։

«Ադրբեջանը Ռուսաստանից ուլտիմատումով պահանջում է դուրս հանել հայկական զորքերն Արցախից, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Ռուս պաշտոնյաների Բաքու մեկնելուց հետո հայկական կողմն անում է նման հայտարարություն։  Ադրբեջանը առերևույթ շանտաժի է ենթարկում, Ռուսաստանն էլ Հայաստանին է ստիպում շատ արագ համաձայնվել»,- նշում է Արմեն Հովհաննիսյանը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ այս փոփոխությունը չի նշանակում, թե Հայաստանն  Արցախին միայնակ է թողնում։ Նա կարծում է, որ պայմանագրային զինծառայողներն ավելի պրոֆեսիոնալ կիրականացնեն մարտական հերթապահությունը։

«Ես կարծում եմ` ճիշտ է Արցախի բանակը համալրել պայմանագրային զինծառայողներով։ Բանակը պետք է լինի ավելի պրոֆեսիոնալ հիմքերի վրա, քանի որ գտնվում է անընդհատ թշնամու հետ ռազմական գործողությունների ռիսկային ոլորտում։ Տարիներ շարունակ այսպես չի եղել։

Եկեք տարանջատենք զորքերի դուրս բերումն և զինծառայողների որոշո կատեգորիաների դուրս բերումը։ Սա քայլ չէ զորքերն ընդհանրապես Արցախից դուրս բերելու։ Սա պետք է արվեր տարիներ առաջ, ՀՀ քաղաքացիներին տարիներ շարունակ Արցախ ծառայության են ուղարկել, ինչը և միջազգային կանոնների, և մեր ներքին օրենքների խախտում է եղել։ Սա ռազմական էֆեկտիվության տեսանկյունից էլ իրեն չէր արդարացնում։ Պարզապես սա հարմար է եղել մեր պաշտոնյաներին, իրենք այդպես էին անում, երիտասարդ զինվորներին ուղարկում էին և ազատված էին այլ պայմաններ ստեղծելուց։ Պայմանագրային զինծառայողների համար ավելի շատ ներդրումներ պետք է արվեր։ Ակնհայտ է, որ պայմանագրային զինծառայողներն ավելի էֆֆեկտիվ են, քանի պարտադիր զինծառայողները»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը։

Նարեկ Կիրակոսյան