«Մարդու անվտանգության հայեցակարգի կարևորությունը Սյունիքի օրինակով»․ հետազոտություն

45

Հուլիսի 19-ին Երևանում կայացավ «Մարդու անվտանգության հայեցակարգի կարևորությունը Սյունիքի օրինակով» հետազոտության հանրային հանդիպում-քննարկում, որ կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը՝ գործընկերների՝ Գորիսի մամուլի ակումբի և Կապանի «Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ:
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել մարդու անվտանգության միջազգային հայեցակարգը և ֆոկուս խմբերի միջոցով գնահատել Սյունիքում մարդակենտրոն անվտանգային կարիքները:

Գորիսի մամուլի ակումբի նախագահ  Սուսաննա Շահնազարյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում առաջին համաժողովը իրականացրել են Գորիսում, սակայն քննարկման առաջին փուլը շատ բարդ և լարված է անցել. «Բոլորը քննադատում էին, թե ինչ ասել է մարդու անվտանգություն. այստեղ կյանքի, ֆիզիկական անվտանգության խնդիր կա: Սակայն 2-րդ քննարկման ժամանակ լարվածությունը փոքր-ինչ նվազել էր, և մարդիկ իրենք էին առաջարկություններ ներկայացնում: Այսիքն և՛ մենք, և՛ հանրությունը կարծես թե պատրաստ չէին նման քննարկման»:

«Ծիածան» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանը նշեց, որ նման միջոցառումներ իրականացվել են նաև Կապանում, Քաջարանում, Մեղրիում. «Նույն դժվարությունները մենք էլ ենք ունեցել. լարվածությունը այնքան մեծ էր սահամններին, որ խոսում էին միայն սահամններում տիրող իրավիճակներից, բայց ուրախ եմ, որ մենք կարողացանք ճեղքել այդ մթնոլորտը»:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը հանդես եկավ «Անվտանգությունն ու զարգացումը մարդու անվտանգության հայեցակարգի համատեքստում» բանախոսությամբ։
Նա իր խոսքում մասնավորապես նշեց, արդյո՞ք պետությունը պետք է պաշտպանի մարդկանց անվտանգությունը, թե՞  մարդիկ պետք է ապահովեն պետության անվտանգությունը:
«Սահմանադրության հոդված 3-ը մեզ հուշում է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է, հետևաբար՝ պետությունը պետք է ապահովի մարդկանց անվտանգությունը»,- ասում է Սուրեն Դեհերյանը՝ ավելացնելով, որ խոսքը միայն ազգային անվտանգության կամ իրավապահ մարմինների կողմից իրականցվող անվտանգության մասին չէ:

Հարց է առաջանում, թե ինչ է նշանակում մարդու անվտանգության հայեցակարգը:

Մարդու անվտանգության միջազգային հայեցակարգը համակողմանի փաստաթուղթ է, որը միտված է ձևավորել համայքների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման որոշակի սկզբունքների, միջոցառումների և մեխանիզմների ամբողջական համակարգ: Ի տարբերություն այլ հայեցակարգերի՝ մարդու անվտանգության հայեցակարգի հիմքում մարդն է: Այս հայեցակարգը կարևորում է թիրախային բնակավայրերում սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմքերի ստեղծումն ու համալիր միջոցառումների իրականացումը՝ անվտանգության ապահովման նպատակով:

Մարդակենտրոն անվտանգության մոտեցումները պահանջում են, որ պաշտպանությունը լինի ինստիտուցիոնալ և ոչ դրվագային, արձագանքող և ոչ կարծրացած, կանխարգելող և ոչ ռեակտիվ և, իհարկե, չսահմանափակվի միայն ռազմական անվտանգությամբ, այլ փոխկապակցված լինի զարգացման և մարդու իրավունքների հետ, համաչափորեն հաշվի առնի քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները։

Ահա այն ոլորտները, որոնց կենտրոնում մարդու անվտանգությունն է.

  1. Պարենային անվտանգություն
  2. Տնտեսական անվտանգություն
  3. Առողջապահական անվտանգություն
  4. Շրջակա միջավայրի անվտանգություն
  5. Անձի անվտանգություն
  6. Տեղեկատվական անվտանգություն
  7. Քաղաքական անվտանգություն
  8. Համայնքային անվտանգություն

Գորիսի մամուլի ակումբի ղեկավար Սուսաննա Շահնազարյանն էլ առանձնացրեց Սյունիքի անվտանգության առաջնահերթ խնդիրը՝ կապված  ապատեղեկատվության հետ. «Սյունիքի մասին միֆերը, իրականության չափազանցվածությունը և տեղեկատվության բացակայությունը ծնում են ապատեղեկատվություն, որը շատ մեծ խոչընդոտ է հատկապես պետության զարգացման համար»:

Ծրագրի հետազատող և սոցիոլոգ Արևիկ Համբարձումյանը «Մարդու անվտանգության սպառնալիքներին արձագանքը Սյունիքի համայնքներում» թեմայով հետազոտություն ներկայացրեց:

«Մեր հետազոտության արդյունքում վեր են հանվել և՛ այն խնդիրները, որոնք մշտապես են եղել, և՛ այն, որոնք ռազմական անվտանգության խաթարման հետևանքով են առաջացել»,- նշում է Արևիկ Համբարձումյանը:

Տնտեսական անվտանգության մասին խոսելիս՝ Ա. Համբարձումյանն ասում է, որ ուսումնասիրել են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Ըստ քանակական մոտեցումների՝ Սյունիքը ՀՀ տարածքում ունի ամենաբարձր աշխատավարձը:

«Սակայն  եթե մենք այս ցուցանիշների վրա հիմնվեինք և որակական  հետազոտությունը չիրականացենինք, ապա ընդհանրապես  գաղափար չէինք ունենա, թե իրականում ինչ է կատարվում», — նշում է սոցիոլոգը, ապա ավելացնում, որ Սյունիքում վտանգված է մասնավորապես գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը:

Համբարձումյանը նշում է առողջապահության ոլորոտում կադրերի պակասի մասին: Անգամ լավ կահավորված հիվանդանոցներում կադրերի պակասը առաջնահերթ խնդիր է: Մարդիկ իրենց ֆիզիկապես անվտանգ չեն զգում․ չկան մոտ բուժկետներ, չկան վերապատրաստված առաջին բուժօգնության խմբեր, չկան ճանապարհներ, որոնցով հնարավոր կլիներ վիրավորներին կամ տուժած քաղաքացիական անձանց հասցնել հիվանդանոց: Իսկ հոգեբանական անվտանգության մասին խոսելիս սոցիոլոգն ասում է, որ այն պետք է դիտարկել որպես համարկարգային խնդիր, որն ակտուալ է ցանկացած իրավիճակում:

Լուսինե Հակոբյան