«Ամուսինս  ու իր զինակից ընկերները ծրագիր էին մշակում, որ Հադրութը հետ բերեն »

153

Արցախյան երկրորդ պատերազմում  զոհված,   ծնունդով հադրութցի  գնդապետ Աշոտ Ղազարյանը զինվորական հարուստ կենսագրություն ուներ, մարտական ուղի էր անցել: Կինը` Ինարա Բաղդասարյանը,  վստահ է եղել, որ իր`  նման փորձառություն ունեցող  ամուսինը պատերազմի ժամանակ  կարող է խուսափել հակառակորդի թիրախը դառնալուց: Պատերազմի ժամանակ Աշոտն եղել է Հադրութի զորամիավորման  մարտական գծով տեղակալը:  2020թ. հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերն  էլ զոհվել է Հադրութի վերին գյուղերում, ԱԹՍ-ի հարվածից:

Ինարան ամենայն մանրամասնությամբ հիշում եւ ներկայացնում է, թե ամուսինն իր երեսուն տարվա զինվորական գործունեությունը որտեղ է անցկացրել:

«Ամուսինս մասնակցել է  արցախյան առաջին պատերազմին,  մեքենան պայթել է ականի  վրա, ինքը հրաշքով ողջ է  մնացել»,- հիշում  է  Ինարան:

Աշոտ Ղազարյանը վեց ամսով անցել է ռազմական կուրսեր, հետո ուսանել եւ ավարտել է Երեւանի  «Վարդանանց » համալսարանը: Երկու տարի Աշոտը ուսանել է նաեւ Սանկտ-Պետերբուրգի ռազմական ակադեմիայում, ավարտելուց հետո վերադարձել Հայաստան: Նա ծառայել է Նուբարաշենի զորամասում, Դիլիջանում եղել է տանկային գնդի հրամանատարը, զորավարժությունների ժամանակ միշտ առաջին հորիզոնականն է նվաճել, փոխանցիկ դրոշն իր մոտ է եղել: Աշոտը ծառայել է նաեւ Էջմիածնում, որտեղ եղել է սակրավորների գունդը (հետմահու այնտեղ Աշոտ Ղազարյանի անունով դասասենյակ են բացել):  Այդ ողջ ընթացքում, ըստ Ինարայի, իրենք` ընտանիքով, ապրել են անհանգիստ կյանքով, ամենուր ուղեկցել Աշոտին:

2020թ. հոկտեմբերի 1-ից Աշոտ Ղազարյանը պետք է աշխատեր ՀՀ պաշտպանության նախարարությունում, սակայն  նա հարազատներին տեղյակ է պահել, որ կգա միայն պատերազմի  ավարտից  հետո:

«Հադրութը գրավել էին ադրբեջանցիները, ամուսինս իր զինակից  ընկերների հետ ծրագիր էին մշակում, որ հետ բերեն: Աշոտը զոհվեց հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը: Զոհվել էր  Սեւ Հովազի` Ռուստամ  Գասպարյանի  հետ: Զոհվելուց  որոշ ժամանակ անց, երբ վերցրել էի իր հեռախոսը, այնտեղ տեսա, որ  որոշ ծնողներ գրել էին` մենակ Դուք կարող եք հասնել մեր երեխաներին, մեր երեխաները Վանք գյուղում շրջափակման մեջ են: Այդպիսի մի նամակ գրել էր Դավիթ Ասոյանի հայրը: Հետո իմացա, որ Դավիթը զոհվել է, հայրն էլ որոշ ժամանակ անց մահացել է: Ամիսներ շարունակ ինձ մտատանջում էր այն հարցը, թե արդյոք տղաները դո՞ւրս են եկել շրջափակումից: Հիշո՞ւմ եք, այդ տղաները, որոնք հայտնվել էին շրջափակման մեջ, ամիսներ անց  գտնվեցին սառցակալած: Նրանք թաքնվել էին անտառում եւ ողջ մնացել »,- պատմում  է  Ինարան:

Ինարան հիշում է, որ պատերազմից մոտ երկու ամիս առաջ, Տավուշի հայտնի դեպքերից առաջ ամուսինը  կանխատեսում էր լայնածավալ պատերազմի մասին:

Պատերազմի  օրերին նա միշտ հանգստացրել է մերձավորներին` ասելով, որ կռիվ-կռիվ են խաղում, հենց ավարտվի` կգա:

«Հոկտեմբերի 15-ի երեկոյան, ժամը 10-ին հետը  խոսեցի, ամեն ինչ նորմալ էր, առավոտյան զանգեցի, չէր պատասխանում, հետո զբաղված ցույց տվեց… Հետո իմացա, թե ինչ է եղել »,- ասում է Ինարան:

Ինարան նույնպես արցախցի է, նրա հարազատներն այսօր էլ ապրում են Արցախում եւ մտադիր չեն հեռանալ այնտեղից:

Պատերազմից եւ ամուսնու զոհվելուց հետո նա կարծում է, որ պետք է մեր բանակը լավագույնս զինվի ժամանակակից  զինտեխնիկայով: Նա պարբերաբար հիշում էր ամուսնու խոսքերը, որ մեզ հակառակորդը չի կարող հաղթել, մենք ավելի ուժեղ եւ խիզախ ենք:

Ինարան կարծում է, որ ամուսինն արժանի է ավելի բարձր կոչման` Արցախի հերոսի, թեեւ նրան Հայաստանի եւ Արցախի նախագահները  պարգեւների  են արժանացրել` առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների:

Թագուհի Հակոբյան