«Մենք ընդամենը 1 տարի տեւած, բայց երջանիկ կյանք ենք ապրել»

2159

Ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանը 44-օրյա պատերազմից ընդամենը մեկ տարի առաջ էր ընտանիք կազմել: «Մենք ոչինչ չհասցրինք» ,- ասում է զոհված սպայի երիտասարդ այրին` Մարիաննան:

Մի քանի օրից կլրանա Ռաֆայելի եւ Մարիաննայի ամուսնության երրորդ տարին, սակայն նրանց հասցրին միասին ապրել միայն մեկ տարի: «Ամուսնացանք ու մի քանի ամիս հետո տեղափոխվեցինք Ջաբրայիլ: Ես դպրոցում էի աշխատում, ուսուցչուհի էի, ինքը ծառայում էր: Տասնհինգ օր դիրքեր էր բարձրանում, տասնհինգ օր տանն էր: Սկզբում շատ դժվար էր մենակ մնալը, այնտեղ ապրելը:  Վախենում էի, բայց հետո արդեն սովորեցի»,- պատմում է Մարիաննա Մնոյանը:

Սեպտեմբերի 27-ին ամուսինները եղել են Երեւանում եւ այստեղ են իմացել պատերազմի լուրը: «Մենք արձակուրդում էինք, սեպտեմբերի 18- ին եկանք արձակուրդ, այդ ժամանակ պատերազմը սկսվեց: Ինքը միանգամից գնաց: Հենց 27-ին էր ուզում գնալ, ուղղակի այդ օրը չստացվեց, մեքենաներն արդեն գնացել էին: Հետո կամավորների մեքենաներով գնաց: Ամեն ինչ արեցինք, համոզում էինք, որ չգնա, ասեց` տղերքս մենակ են, պետք է իրանց կողքին լինեմ: Հետո Զաբրայիլ տանող ճանապարհը արդեն փակ է եղել, երբ հասել են ՍՏեփանակերտ, նրանց ասել են, որ անհնար է անցնել, հետո երբ իմացել էին, որ սպա է, ճանապարհ էին բացել եւ նա հասել էր տեղ: Այնտեղ արդեն ընկերը նրան ասել է` մի բարձրացիր դիրքեր, ահավոր վիճակ է, մնա տանը: Մեկ օր մնացել է Ջաբրայիլի մեր տանը, բայց էլ ընկերոջը չի լսել, բարձրացել է դիրքեր»,- ասում է զոհված զինվորականի կինը եւ նշում, որ նրանից վերջին զանգը հնչել է հոկտեմբերի 2-ին: Այդ օրը Ռաֆայել Մխչյանը զանգահարել է եւ կնոջը եւ ծնողներին եւ ասել է` ամեն ինչ լավ է լինելու:

Կնոջ խոսքով, հենց այդ գիշեր է ամուսինն ընկել շրջափակման մեջ,-«Թուրքերը մեր լեզվով գոռացել են` մենք ենք, եկեք մեր կողմ, կամավորներն էլ հավատացել են, կարծել են, թե իսկապես մերոնք են: Իր զինվորներից երեք հոգի են ողջ մնացել: Այդ զինվորներից մեկն է ինձ պատմել: Ասում է` Մխչյանը ասեց` ես չեմ հավատում, որ անգամ իմ դասակի մեջ են բոլորը հայեր, մի գնացեք, ակցենտ ունեն նրանք, հայ չեն: Բայց նրան չեն լսել, գնացել են առաջ: Չորս կողմից հարձակում է եղել, կրակոցներ: Ոտքից է վիրավորվել: Երեք անգամ օգնության կապ է տվել, արձագանք չի եղել, օգնության հնարավորույթուն չի եղել»:

Հարազատները մեկ ամիս փնտրել են Մխչյանին: Ի սկզբանե տարբեր վարկածներ են եղել: Ոմանք ասել են, թե նա  ողջ է, մյուսները պնդել են թե վիրավոր է` կոմայի մեջ է: Ի վերջո ԴՆԹ հետազոտության եւ ձեռքերին առկա դաջվածքների միջոցով հնարավոր է եղել նրան գտնել ու ճանաչել:

Մարիաննան մինչ օրս կրում է ամուսնական մատանին, ասում է` չի պատկերացնում, որ երբեւէ կարող է այն հանել.«Մենք ընդամենը մեկ տարի տեւած, բայց երջանիկ կյանք ենք ապրել»:

Անի Գևորգյան