«Բոլորի մեջ ես Հայկին եմ տեսնում»

54

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բնակելի շենքերից մեկի բակում կարելի է տեսնել նորակառույց պուրակ` 11 նորատունկ ծառերով եւ հուշաքարով: Պուրակը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված  11 բյուրեղավանցի տղաների հիշատակին:

Հեղինակն ու կառուցողը զոհվածներից Հայկ Եղիազարյանի հայրն է` Արթիկը: «Հայկը դեռ բանակ չէր գնացել, մեր տանը կից հողը մտածում էի վաճառել, բայց նա ասեց` թող մնա, բանակից հետ գամ, այդ հողի հետ որեւէ բան կանեմ»  ,- պատմում է զոհված զինվորի հայրը:

Ժամկետային զինծառայողը ընդամենը երեք ամիս անց պետք է զորացրվեր, ծառայում էր Հադրութում:

«Հայկիս հետ խոսում էինք ամեն օր, ինքը էնպես էր ներկայացնում, որ իրենց մոտ ոչ մի բան չկա: Ինքը մեր համար էր անհանգստանում: Հումորասեր էր, կատակասեր էր, էնպես էր ամեն ինչ բացատրում, որ հավատում էինք, բայց երբ լուրեր էինք նայում, չգիտեյինք` Հայկին հավատանք, թե տարբեր լուրերին հավատանք»,- պատմում է հայրը:

Նրա խոսքով, ինքը դիմել է զինվորական կոմիսարիատ, գրանցվել է, որպես կամավոր, իր հեռախոսահամարը վերցրել են, ասել են` կզանգեն, սակայն այդպես էլ չեն կանչել. «Հետո զգացի, որ ինձ խաբեցին, չուզեցին կանչեն: Չնայած դրան արդեն պատրաստվում էի գնալ: Ամսի մեկին Հայկս զանգեց, շատ ուշ էր: Ահագին խոսացինք եւ ես, եւ կինս: Հետո մորն ասել էր` մամ ջան, մի քիչ հոգնած ենք, մի քիչ քնենք, հանգստանանք, գործ ենք արել էսօր, առավոտյան կզանգեմ, կխոսանք: Բայց իրականում մեծ մարտերի մեջ էին եղել այդ օրը, շատ էին հոգնած եղել:  Ամսի երկուսին զանգ չեղավ: Անհանգստացանք, բայց մտածեցինք` երեւի հեռախոսային կապ չկա, կամ նստել է: Փաստրեն, ամսի երկուսին հրամանատարի հետ գնում են իր տանկը ծածկի տակից հանելու, ԱԹՍ-ն գցում են նրանց վրա: Մինչ այդ նրա բոլոր ընկերների տանկերը խփել էին, միայն իրենն էր մնացել: Վերջում նոր իրենն են խփում: ԱԹՍ-ն գցելու հետեւանքով բեկորը սրտի մեջ է մտնում»:

Հայկի հարազատները նրա հետ տեղի ունեցածի մասին իմացել են դեպքից երկու օր անց:  «Այդ օրը շատ դաժան էր: Ամբողջ բյուրեղավանը գիտեր լուրը, բացի մեր ընտանիքից: Ինձ հորեղբորս տղան է ասել: Որ կանչեց խոսելու, սիրտս արդեն ինչ-որ բան վկայեց: Հետո չեմ հիշում… Հինգ ընկեր էին, տարբեր օրեր պետք է զորացրվեյին: Լեւոնս ասեց` պապ, մնալու եմ, մինչեւ բոլոր ընկերներս զորացրվեն, նոր գանք, ասեցի` Հայկ ջան, երբ որ վերջին ընկերդ էլ զորացրվի, դուք չգաք, ես կգամ, բոլորիդ կբերեմ: Լավ, ոսկի ընկերներ ունի: Մինչեւ հօմա էլ մեր տուն գալիս են, գնում ենք գերեզմաններ: Նրանք էլ հերոսի պես կռվել են:

Հիմա ես Հայկիս կարոտը նրանցից եմ առնում, բոլորի մեջ ես Հայկին եմ տեսնում»,- ասում է Արթիկ Եղիազարյանը:

Հայկը ընտանիքի միակ որդին էր: Նրա քույրը` Անին, իր նորածին որդուն կոչել է զոհված եղբոր անունով:

Անի Գևորգյան