«Զինված ուժերի ռազմավարություն․ինչպիսի՞ բարեփոխումների անհրաժեշտություն կա»․քննարկում

46

«Զինված ուժերի ռազմավարություն․ինչպիսի՞ բարեփոխումների անհրաժեշտություն կա» քննարկմանը Արթուր Սաքունցն ասաց, որ Զինված ուժերի նկատմամբ եթե լիներ արդյունավետ պառլամենտական վերահսկողություն, և Զինված ուժերի առանձնահատկություններով հանդերձ լիներ հաշվետու և թափանցիկ կառավարում, չէին լինի այն արդյունքները, որոնց պարբերաբար անդրադառնում են․

«Սա երկարատև, խրոնիկ հիվանդություններով է պայմանավորված։ Քաղհասարակության մասին երբ խոսում են՝ մասնակցելու է, թե չէ, պետք է մասնակցի։ Մշտադիտարկում ասվածը հենց քաղահասարակության մասնակցության կարևոր ինստիտուտն է, որի արդյունքում կոսմետիկ առանձին փոփոխություններ եղել են, իհարկե, բայց համակարգային փոփոխություն չի եղել»,- նշեց իրավապաշտպանը։

Վերջինիս առաջարկն է, որ ԶՈՒ հաշվետվողականությունը օրենսդիր մարմնի առջև արդյունավետ լինի, որ ԶՈՒ-երում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման երաշխիքը արդյունավետ վերահսկողության տակ լինի․

«Այս հարցադրումը լրիվ լեգիտիմ է, լրիվ օրինաչափ է և բնորոշ է ժողովրդավարական պետությանը։ Արմատական փոփոխության հրամայականը կամ այսօրվա իշխանության թիվ մեկ խնդիրն է տարիներ շարունակ այս խրոնիկ հիվանդություններից դուրս գալը, կամ դրանց բուժումը երաշխավորող հետազոտության առաջարկությունների ունկնդրումն է»,-ասաց Սաքունցը։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի դիտարկմամբ՝ պետությունը, պետական ինստիտուտներն իրենց տեղում են և պետք է գնալ ռեսուրսների ճիշտ բաշխման և կառավարման ճանապարհով․

«44-օրյա պատերազմից հետո թեև բավական ժամանակ է անցել, բայց նոր ենք թմբիրից արթնանում. նոր ենք փորձում հասկանալ՝ ինչ է կատարվել, և փորձում ենք գույքագրել խնդիրները: Ստիպված ենք մարտահրավերների դեմ պայքարել մի քանի ճակատով: Առաջին հերթին մենք պետք է աշխատենք մեր ազգային անվտանգության քաղաքականության վրա, որովհետև մենք երբևէ ազգային անվտանգության քաղաքականություն չենք ունեցել, այսինքն՝ հստակ քաղաքականություն, որից կսերեին ռազմավարությունը, դոկտրինը, չի եղել»,-ասաց Մարգարյանը։