2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները:

Նոր օրենսդրությունը սահմանում է որակական նոր նշաձող քրեական արդարադատության ոլորտում՝ միտված լինելով հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, քրեական վարույթի արդյունավետ կառուցակարգի նախատեսմանը, կալանքի, ազատազրկման կիրառման նվազեցմանը, պատժի անհատական պլանավորման ներդրմանը և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման ապահովմանը:

Օրենսգրքերի կիրառությունն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվել է ծավալուն աշխատանք։ Մասնավորապես.

իրականացվել են բազմաթիվ քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ` հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրությունը հնարավորինս սահուն գործարկելու նպատակով,

մշակվել և ընդունվել են հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող շուրջ 100 օրենքների և շուրջ 2 տասնյակ ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր,

իրավակիրառ մարմինների աշխատակիցների համար ամիսներ շարունակ իրականացվել են վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ,

վերապատրաստումներին համընթաց և դրանց հիման վրա մշակվել են տեսադասախոսություններ, որոնք հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում (https://justiceacademy.am/#2413) և յութուբյան ալիքում (https://bit.ly/3xzGrWk),

զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակվել են Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ուղեցույցները:

Կոչ ենք անում իրավակիրառ մարմինների մեր գործընկերներին՝ հնարավորինս շատ օգտվել նոր օրենսգրքերով նախատեսված արդյունավետ լուծումներից, որոնք ուղղված են վարույթային արդյունավետության ապահովմանը, հանցանքների բացահայտմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների նախատեսմանը:

Օրենսգրքերն ուժի մեջ մտնելուն պես նախարարությունը հետևողական է լինելու` վեր հանելու բոլոր հնարավոր խնդիրները և ապահովելու դրանց հասցեագրումը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest