2022 թ․ հունիսի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Երևանում ներկայացրեց «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատությունը, որի համահեղինակներն են բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտորանտ և դասախոս, պ.գ.թ. Էդուարդ Աբրահամյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։ Աշխատության ներկայացմանը հաջորդեց քննարկում, որին մասնակցում էին պետական մարմինների ներկայացուցիչներ, անվտանգության եւ ռազմական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման բացման խոսքում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ այս աշխատությունը կարևոր է ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի համատեքստում, ինչի արդյունքում ՀՀ-ն գտնվում է գլոբալ և տարածաշրջանային առումով աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերների առջև։
«Մենք ունենք մարտահրավերների մի ամբողջ փունջ, որոնց պետք է տրվեն լուծումներ, պետք է հստակ տեսլական ներկայացվի հանրությանը, թե ինչպիսի զինված ուժեր ենք ուզում տեսնել»,-իր խոսքում նշեց Ա․ Սաքունցը։

44-օրյա պատերազմի ծանր հետևանքները էականորեն փոխել են Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրը, ինչպես նաև առաջացրել են Հայաստանի անվտանգային ճարտարապետության խորը ճգնաժամ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս աշխատությունը նախաձեռնել է նշված մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Աշխատությամբ առաջարկվում է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի հիմքում դնել «փոքր պետության» ռազմական ռազմավարության ադապտացիայի գիտատեսական մոտեցումը։

Աշխատության համահեղինակ, փորձագետ Էդուարդ Աբրահամյանն աշխատության ներկայացման ընթացքում հույս հայտնեց, որ աշխատությունը կծառայի պետությանը, բարեփոխումների գործընթացներին և պետության հետ երկխոսության դաշտ կձևավորի․

«Բանակը, զինված ուժերը պետության, հանրության մի մասն է և չի կարող ինքնուրույն զարգանալ, դա երկկողմանի գործընթաց է»։

Փաստաթուղթն անդրադառնում է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության առկա մեխանիզմներին, անվտանգային ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործիքներին, արդյունավետ և նոր մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտությանը՝ ի նպաստ թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների հնարավորինս արդյունավետ ապահովման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման:

Աշխատության համահեղինակ, փորձագետ Արմինե Մարգարյանը քննարկման շրջանակում շեշտեց զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը․
«Ժողովրդավարական կառավարման ժամանակ խորհրդարանը, դատական մարմինները, անկախ լրատվամիջոցները, քաղացիական հասարակությունը վերահսկում են զինված ուժերի գործունեությունը, դրանով ապահովում են զինված ուժերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»։

Աշխատության ներկայացմանը հաջորդած քննարկմանը մասնակից պետական մարմինների ներկայացուցիչներն ու փորձագետները նշեցին, որ աշխատությունն իր բովանդակությամբ և քննարկած հարցերի շրջանակով բացառիկ է և առաջ է քաշում կարևոր հարցեր, վերհանում խնդիրներ ու ներկայացնում առաջարկներ։

Ակնկալում ենք ներկայացված հայեցակարգի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներ ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ անվտանգային քաղաքականություն մշակող մարմինների, մասնավորապես՝ ՀՀ անվտանգության խորհրդի ներգրավմամբ։

Փաստաթուղթն արդեն ներկայացվել է ՀՀ պետական մարմիններին, որոնք արձագանքել և իրենց դիտարկումներն են ներկայացրել։

 

Pin It on Pinterest