ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:

«Պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք… Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Անհրաժեշտության դեպքում` պետք է կիրառվեն ըստ նշանակության»,- նշեց Սահակյանը։

Հայաստանի 3-րդ բանակային կորպուսում, ըստ Սահակյանի, այս փորձն արդեն 90 տոկոսով կիրառվում է։ Հետագայում փորձը նախատեսվում է կիրառել ՀՀ բոլոր զորամիավորումներում։ Ծրագրի իրականացման հնարավորությունը, սակայն, գնդապետի խոսքով, ուղղակիրեն կախված է պայմանագրային զինծառայողների քանակից։

Սահակյանը նաև հայտնեց, որ այս տարվա ամառային զորակոչից սկսված՝ ՀՀ ԶՈւ-ում նոր կարգ է սահմանվել. բոլոր նորակոչիկները ծառայության են անցնելու հրաձգային-ուսումնական գումարտակներում, որտեղ մնալու են շուրջ 5 ամիս` մինչև ուսումնական փուլի ավարտը։ Դրանից հետո կտեղափոխվեն վիճակահանությամբ իրենց մշտական տեղակայման զորամասեր։

«ՊՆ այս հրամանի միակ նպատակն է եղել, որ զինվորները լրիվ պատրաստություն չանցած չընդգրկվեն մարտական հերթապահության մեջ։ Այսինքն` այդ զինվորները մարտական հերթապահության մեջ կարող են ընդգրկվել զորակոչից միայն 5-6 ամիս հետո, երբ պատրաստության ամբողջ ծրագիրն անցած կլինեն»,- նշեց Սահակյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest