Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի թեկնածությունները։

Դեռևս նախորդ տարի ավելացվել է Վճռաբեկ դատարանի պալատների թիվը և, ըստ այդմ, այդ պալատներում դատավորների թափուր պաշտոններում դատավորների նշանակման անհրաժեշտություն է առաջացել, ասաց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը։

Հրաչ Այվազյանն 2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում` որպես գլխավոր մասնագետ: 2013 թվականի դեկտեմբերին նշանակվել է Վարչական դատարանի դատավոր, իսկ 2021 թվականի հուլիսի 14-ից առ այսօր Վարչական դատարանի նախագահն է։

Արտակ Զեյնալյանը եղել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ, Փաստաբանական պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրության հարցերի հանձնաժողովի նախագահ, Ադրբեջանի կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն ծրագրի համակարգող, 2020 թվականից առ այսօր աշխատում է որպես անհատ ձեռնարկատեր, իրավաբան։

Լիանա Հակոբյանը աշխատել է Սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական: 2013-ի դեկտեմբերի նշանակվել է Վարչական դատարանի դատավոր, 2021 թվականի հունիսին՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest