«Որդիս արնաքամ է եղել, պոստերում անգամ բինտ չի եղել․ 2 ժամ դիրքերից քայլելով տարել են «սկոռիի» մոտ»․ զոհվածի հայր

235

«Եթե բժիշկ լիներ մոտները, մեքենայի ճանապարհ լիներ, որ մեքենան կարողանար մոտենար իմ երեխային, կփրկվեր»,- ասում է մայիսի 28-ին դիրքերում թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանի հայրը՝ Վահան Վարդանյանը։

Հայաստանի առաջին հանրապետության օրն էր  Դավիթը ոտքի աճուկային շրջանում  վիրավորում է ստացել։ Հայրը նշեց, որ գնդակն աջ ոտքի կողմից աճուկով անցել է,  ներքին օրգանները վնասել է և կանգ է առել որդու մարմնում։ Հայկական դիրքերից այդ հատվածում մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում ադրբեջանական դիրքերը։ Ծնողների փոխանցմամբ՝ Դավիթի ծառայակիցները երկու ժամ փորձել են հաղթահարել դիրքերից դեպի ճանապարհ տանող քարքարոտ ու ժայռապատ ճանապարհները, որպեսզի կարողանան վիրավոր տղային հասցնեն շտապօգնության մեքենան, քանի որ խրամատներ տանող ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ չկան։

«Դիրքերից երկու կիլոմետր էրեխուն քնապարկով են իջեցրել մինչև շտապօգնության մեքենան, արնաքամ է եղել։  Էրեխեքին անտեր ու դուրս տարել են պալատկեքի տակ, ոչ բինտ, ոչ բամբակ, ոչ ժգուտ, ոչ մի դեղորայք էրեխեքի մոտ չի եղել։ Անգամ պատգարակ չի եղել, որ էրեխուն պատգարակով իջեցնեն ներքև։  Բանակ են տանում, ինչի՞ համար։ Լույսի կտոր էրեխուս տվեցի էս ժեխոտ մեդալի համա՞ր։ Ես իրենց մեդա՞լ էի տվել»,- ասում է հայրն ու ցույց տալիս որդուն տված հետմահու մեդալը։  «Ինձ մեդալ պետք չի, ես չեմ ընդունում այդ մեդալը, ես իմ Դավիթին եմ ուզում»,- նշում է տղայի մայրը։

Պատերազմից արդեն շուտով երկու տարի անց ինչո՞ւ են դեռ զինվորները վրաններում, ինչո՞ւ Դավիթի ծառայության վայրում չեն եղել անցանելի ճանապարհներ, առաջին օգնության պարագաներ և բժիշկ։ Մեկ ամիս է անցել դեպքից, բայց Պաշտպանության նախարարն ու Քնչական կոմիտեն պատասխաններ չեն տալիս։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ն քրգործ է հարուցել միայն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանության հոդվածով, իսկ գոնե բուժակի, ճանապարհների ու դեղորայքի բացակայության վերաբերյալ տեղեկություններով՝ ոչ։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն գրավոր դիմել է ՔԿ՝ ճշտելու համար, արդյո՞ք այս դրվագներով քրգործ հարուցվել է, թե՞՝ ոչ։

Դավիթի զոհվելուց հետո Վարդանյանների տուն ոչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ոչ, նրա տեղակալները, ոչ էլ մարզային իշխանության ներկայացուցիչներ չեն այցելել։ Անգամ զորամասի բարձրաստիճան ներկայացուցիչները չեն ցավակցել Վարդանյաններին։

«Իրենց կամանդիրը, որ մարդ լիներ, Հարոյան Սամվելը, կգար ինձ կտեսներ։ Ինձ ոչ մեկ չի եկել տեսել զորամասի ղեկավարներից, որ եկել ենք մխիթարենք, ցավակցենք։ Մեդալը բերել է զորամասի զանպալիտը, հինգ րոպե նստել են, ներողություն է խնդրել ու գնացել են»,- ասում է հայրն ու նշում, որ զորամասի ներկայացուցիչն էլ Դավիթի մոտ ընկերոջն էր հետը բերել՝ իրենց անվտանգության համար։

Դավիթ Վարդանյանը բանակ էր մեկնել 2020 թվականի օգոստոսին։ Ծառայում էր Եղնիկներում՝ Քյոխի հրամանատարությամբ։  Զորակոչվելուց  մեկ ամիս անց սկսվել էր պատերազմը։ Ծնողները երեք ամիս տղայից լուր չեն ունեցել։ Դեկտեմբերին Դավիթն անակնկալ արձակուրդ էր եկել։ Հայրն ու մայրը պնդում են՝ իրենց տղային հոգեբանական ;ուրջ խնդիրներով կրկին բանակ են տարել։

«Պատերազմից պրծած, հոգեկան աշխարհը խառնված էրեխուս, որ չէր թույլատրվում, վերջին երկու ամիսներ, ինչո՞ւ հանեցին պոստեր։ Ամեն արձակուրդ գալուց, որ հետը խոսում էինք, ոնց որ օդերում լիներ։ Վախեցած էր, ամեն ինչ տեսել էր։ Ընկերներին տեսել էր ոտքերը կտրած, ձեռքերը կտրած»,- ասում են ծնողները և նշում․ «Պատերազմի ժամանակ 18 օր եղել է շրջափակման մեջ, հետո առաջնագիծ պահել»։

Շաբաթ օրը ինձ զանգեցին զորամասից ու ասեցին, որ Դավիթը վիրավորվել է։ Երկու ժամ անց ես մինչև հասա Կապան, Դավիթին հիվանդանոցում եմ տեսել՝ կոմայի մեջ։ Ժամը 4-ին զանգեցին ասեցին, որ Դավիթը մահացել է։

Ընտանիքն այժմ որդու մահվան հանգամանքերի ամբողջական բացահայտում ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել են պահանջում։ «Չեմ կարող ասել թուրքն է խփել, թե իրենց մեջից է եղել խփողը, դա էլ չեմ կարող ասել»,- ասում է մայրը։

Դավիթին վերջին անգամ զոհվելուց 12 օր առաջ են տեսել՝ վեց օր խրախուսական արձակուրդ էր ստացել։ Վիրավորվելու օրը հայրը լուրը ստանալուն պես մեկնել է Կապան, որդուն տեսել է անգիտակից վիճակում, հաջորդ օրը գիտակցության չգալով մահացել է։

Մի քանի ամսից՝ օգոստոսի 11- ին, զորացրվելու էր։ «Եկել էր վերադարձի քեֆի ցուցակն էր գրել ու հյուրերին որոշել։ Իմ տղեն այս անգամ եկավ մեզ հաջող արեց»,- արցունք աչքերին ասում է մայրը և շեշտում, որ որդու հեռախոսը մայիսի ամբողջ ընթացքում անհասանելի է եղել, ինչը տարօրինակ է։

«Մայիսի ամբողջ ընթացքում անընդհատ անհասանելի էր, մի պահ ինձ հետ խոսում էր ու անջատում, բայց միշտ հասանելի է եղել։ Այս անգամ, որ եկավ տխուր էր»,-եզրափակեց մայրը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։