Արվեստագետներն ազատ կյանքի են սովոր, սակայն Արամը երբեք չի բողոքել բանակային ծառայությունից

154

Հունիսի 24-ին  «Liver» արվեստի մենեջմենթի ընկերության ջանքերով Հայ բարեգործական  ընդհանուր  միությունում  բացվեց  44-օրյա պատերազմում զոհված Արամ Պողոսյանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

Արամն ուսանել է  «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, հետո`Հայաստանի գեղարվեստի  պետական  ակադեմիայում, գրաֆիկ-դիզայներ էր, նպատակ ուներ ուսումը շարունակել Իտալիայում: 21 տարեկանում զորակոչվելով բանակ` Արամը ծառայել է նախ Արմավիրի զորամասում, այնուհետեւ`Կուբաթլիում:

Մայրը` Կարինե Հարությունյանը, պատմում է, որ թեեւ արվեստագետներն ազատ կյանքի են սովոր, սահմանափակումներ չեն հանդուրժում, սակայն Արամը երբեք չի բողոքել բանակային ծառայությունից:

Երբ սկսվել է պատերազմը, Արամին եւ նրա ընկերներին տարել են Ջրական, նա եղել է տանկի հրամանատար, ավագ սերժանտ: Հոկտեմբերի 5-ին էլ նա զոհվել է Ջրականում, դիպուկահարի կրակոցից: Մոտ տասն օր հարազատները չեն կարողացել գտնել Արամի դին, հայրը`Արթուրը, հասել է Արցախ, որոնել, չի գտել: Պարզվել է, որ նրա դին եղել է Մեծամորում:

Կարինեն ասում է, որ սեպտեմբերի 25-ից Արամն իմացել է, որ պատերազմ է լինելու, պետք է պատրաստ  լինեն,  նրանց տարել էին  Ջրականի դիրքեր: Հոկտեմբերի 2-ից էլ հայտնվել են շրջափակման մեջ:

«Տղաները չեն ունեցել  զրահաբաճկոն, սաղավարտ, ոչինչ  չեն ունեցել: Եթե սաղավարտ ունենար, հնարավոր է, որ իմ տղան փրկվեր: Եթե այդ ամենն ունենային, շատ զինվորներ կփրկվեին: Իրենք իմացել են, որ պատերազմ է լինելու, եւ այդ տղաներին հանպատրաստից  տարել են  դիրքեր»,- ասում է Կարինեն:

Արամի մարտական ընկերը` Սեյրան Սողոյանը, վիրավորվել է, մի կերպ է հաջողվել փրկել նրա կյանքը, պատերազմից  վերադառնալուց  հետո  ուսումը շարունակում է  ԵՊՀ-ի  «Միջազգային հարաբերություններ »  ֆակուլտետում: Պատերազմի ժամանակ Սեյրանը եղել է վաշտի ավագ նշանառու: Սեյրանը մտերմացել է Արամի հետ, քանի որ իրենից մեծ էր, հասուն, համարել է, որ նրանից շատ բան ունի սովորելու:

«Արամին վերջին անգամ տեսել եմ այն օրը, երբ ես վիրավորվել եմ, ինքն էլ իմ գրկում է զոհվել: Տանկի վրա էի, երբ դիպուկահարի հարվածից  վիրավորվել եմ: Իմ վաշտի տղաները կարողացան կյանքս փրկել, դուրս բերեցին տանկից, տեղափոխեցին Ստեփանակերտ, հետո`  ուղղաթիռով Երեւան:  Ինձ համար շատ դժվար է, դաժան է այդ մասին խոսելը, քանի որ ես նայում էի իր աչքերի մեջ եւ ոչինչ չէի կարողանում անել: Ես ուզում եմ, որ Արամի մասին չխոսեն անցյալ ժամանակով, իր նկարները ցուցադրվեն, ինքը միշտ հիշվի»,- ասաց Սեյրանը:

Պատերազմից հետո Սեյրանը ամենաողբերգականը համարում է մարդկային կորուստները, քանի որ շատ ընկերներ է կորցրել: Նա հիմա մտածում է, որ պետք է ապրի ոչ միայն իր համար, այլ նաեւ բոլոր նրանց համար, ովքեր զոհվեցին պատերազմում, իրականացնի իր զոհված ընկերների նպատակներն ու երազանքները:   Ասում է, որ նույն կուրսից կան զոհված ընկերներ, կան վիրավորներ, որոնք շարունակում են ուսումն իր հետ:

Որպես ապագա դիվանագետ` Արամը կարծում է, որ մենք նախ պարտվել ենք դիվանագիտության ոլորտում, մենք դասեր չենք քաղել պատմությունից:

«Խրիմյան Հայրիկի օրինակը ցույց է տալիս, որ մենք ոչ թե մեր ուժին ենք ապավինում, այլ դրսի ուժերին: Բնականաբար, մենք պետք է մեր դիվանագիտական ոլորտում լուրջ աշխատանք կատարենք, որովհետեւ Հայաստանի եւ Արցախի մասին մեր երկրից դուրս ավելի շատ բան պետք է իմանան, քան Հայաստանում »,- ասում է Սեյրան Սողոյանը:

Արամի  զոհվելուց հետո Գեղարվեստի ակադեմիայից  ոչ ոք նրա ընտանիք չի այցելել, չի հետաքրքրվել նրա հարազատներով:

«Ամիսներ անց ես գնացի Գեղարվեստի ակադեմիա, վերցրեցի տղայիս նկարները, բերեցի տուն, չթողեցի, որ որեւէ նկար մնա այնտեղ: Եթե նրանք այդ ընթացքում չհիշեցին իրենց ուսանողին, ինչո՞ւ պետք է նրա նկարները մնային այնտեղ »,- նշեց տիկին Կարինեն:

Թագուհի Հակոբյան