Նա վիրավոր է եղել, բայց մոտակայքում որեւէ մեկը չի եղել որ օգնի, բոլորը զոհված են եղել

243

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում ապրող Մարգարյանների ընտանիքում վեց ամիս առաջ փոքրիկ ուրախություն է հայտնվել:  Նրա անունը Վանե է` ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված եղբոր` Վանիկ Մարգարյանի:

«Հեռուստացույցով տեսանք որ պատերազմ է, նրա հետ խոսացինք, հարցրեցինք, ասեց, թե ոչ մի բան չկա: Ծառայում էր Խոջալույի տանկովիում: Մինչեւ վերջ էլ ասում էր` մեր մոտ ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, հոյակապ է: Բայց փաստորեն իրան Շուշի էին բերել հոկտեմբերի 29- ից »,- ասում է Վանիկի մայրը` Կարինե Հայրապետյանը:

Հայրն էլ  պատմում է.«Ինքը վարորդ է եղել: Դիրքեր զենք ու սնունդ է ապահովել: Ինքը շատ ուրախ էր, ամեն օր էլ զանգել է, խոսել ենք, ես միշտ հարցնում էի` տղես, ինչ վիճակ ա, եթե շատ ես նեղվում, մի բանով էլ մենք օգնենք: Մինչեւ վերջին օրն էլ ասել է, որ հոյակապ է: Դա իր սիրելի բառն էր: …Ասեց` պապ, ամեն օր խրամատ ենք փորում, հետո թողնում հետ ենք գնում… Ասում էի` գոնե փափոկ բարձ ունես, որ դնես գլխիդ տակ, ասում էր` մի փափուկ քար ունեմ, հետս ման եմ տալիս…»:

Վերջին անգամ Վանիկը հարազատներին զանգել է նոյեմբերի 7- ին, տրամադրություն չուներ, կարծես զգար, որ ամեն ինչ ավարտվել է: Մի քանի օր Վանիկից լուր չստանալուց հետո հարազատները մեկնել են Արցախ, փորձել են նրա մասին որեւէ տեղեկություն գտնել: Ի վերջո Կարմիր Խաչի օգնությամբ նրա աճյունը դուրս են բերել Շուշիի մատույցներից: Հայտնի է, որ նա վիրավոր է եղել, բայց մոտակայքում որեւէ մեկը չի եղել որ օգնի, բոլորը զոհված են եղել:

Ծառայության ընթացքում՝ Վանիկ Մարգարյանը մшրտական պատրաստվածության, բարձր ցուցանիշներ ցուցաբերելու եւ զինվորական օրինակելի կարգապահության համար արժանացել է շնորհակալագրի եւ Հայոց բանակի գերազանցիկ կրծքանշանի։

«Որդուս հետ ոչինչ չեմ կարող կարող փոխել, ինքը մի լույս է եղել, մեր տան ճրագն է եղել, որը այսօր մեր կողքին չէ: Մեդալը ոչինչ չի տալիս, ուղղակի դրել ենք նրա նկարի կողքին, այս անկյունում: Ամեն անցնել դառնալուց ես անգամ մեդալին չեմ նայում, տղայիս նկարին եմ նայում… Տեղի ունեցածում մեղավորները շատ են, բայց էլ եղածը հետ բերել չի լինի: Իմ կորցնելունը ես արդեն կորցրել եմ: Փոքրիկն ա հիմա մեզ մի քիչ ուրխացանում, մեր տապ ժպիտն է: Բայց մեր ցավը այնօիսի ցավ է, որ երբեք չենք մոռանա»,- ասում է զոհված զինվորի հայրը: