«Դատաիրավական համակարգի բարեփոխումներ, որոնք այդպես էլ տեղի չեն ունենում.ինչու՞» թեմայով քննարկմանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանն ասաց, որ արդեն երրորդ օրն է Ջհանգիրյանի և Վարդազարյանի հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման, բայց դատական համակարգից դեռևս արձագանք չկա․

«Գոյություն ունի դատավորների միություն, որը, կարծես, շատ ակտիվ էր, այս երևույթը ուղղակիորեն առնչվում է իրենց։ Կար կոնկրետ արդարադատության միջամտությամբ հարց, դատավորներն արդյո՞ք ասելիք չունեին այս ամենի վերաբերյալ։ Նկատի ունեմ բովանակային մասը, ես ձևի մասին դեռ չեմ խոսում։ Դա մեզ բնորոշ շատ արատավոր երևույթ է, երբ մենք բովանդակությունը թողած՝ ավելի շատ ձևին ենք անդրադառնում։ Օբյեկտիվորեն էլ պետք է այստեղ նշել, որ կոնկրետ իրավիճակի հետ կապված ձևն այնքան խայտառակ էր, որ շրջանցելն ուղղակի անհնար էր»,-ասաց Հարությունյանը։

«Հելսինկիան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանը համաձայն է այդ տեսակետի հետ՝ նշելով, որ կարևորագույն զրույցի կարևոր էլեմենտները թողած՝ հասարակությունը քննարկում է՝ Ջհանգիրյանը հայհոյանք է հնչեցրել.

«Մարդը համարում է, որ ինքը, ԲԴԽ նախագահ լինելով, իրավունք ունի գործեր բացել ու փակել, այս գաղափարն է տարածում։ Մեր հասարակության մեջ չի ձևավորվել պահանջը, թե մենք ինչ են ուզում, գիտակցումն արդեն կա, որ խնդիր կա, բայց  չկա՝ ինչ ենք ուզում և պահանջը, որ պետք է տանք հաջորդ իշախանություններին։ Քաղաքացին պետք է պահանջատեր լինի, ցանկացած իշխանություն փչանալու հատկություն ունի»,-նշեց իրավապաշտպանը։

Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ հասարակությունը չի հասկանում ԲԴԽ-ի դերն ու նշանակությունը։ Ըստ նրա՝ ԲԴԽ-ն երկրի կարևորագույն մարմիններից է, այն իմիջն է արդարադատության, կերպարը՝ իր անդամների խոսույթով և մասնագիտական կարողություններով պետք է օրինակելի լինի, սակայն նման զարգացումները լրիվ հակառակն են ցույց տալիս.

«2015 թվականի սահմադրության փոփոխություններից հետո 2018 թվականին մարմինը ձևավորվեց՝ ունենալով մի շատ հստակ կարևոր նպատակ և դերակատարում. ապահովել դատարանների, դատավորների անկախությունը։ Այո, ձևի առումով մենք մտնում ենք նույնիսկ այդ բարոյականության տոտալ տապալման արդեն խոսույթի և իրականության մեջ։ Որոշակի մասնագիտական այլ դրսևորումներից տեսնում ենք, որ այն նպատակին, ինչի համար ձևավորվել էր, լրիվ հակառակն է։ Անկախությունը որը պետք է ապահովվեր, փաստորեն հակառակը՝ խնդիրները հենց այդ մարմնից են սկսվում, և որևէ երաշխիք էլ ո՛չ դատավորը, ո՛չ էլ շարքային քաղաքացին չի կարող ունենալ, որ այս մարմինը կարող է իրեն պաշտպանել պետական այլ մարմինների միջամտությունից, հակառակը՝  այդ մարմնից պետք է խնդիրներ սպասել և այս պարագայում ակնկալել, որ խորհուրդն այս կազմով իր գործունեությամբ որևէ բան կարող է մեզ երաշխավորել, ուղղակի միամտություն է»,-ասաց Հարությունյանը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը դատական համակարգում փոփոխությունները կապում է ոչ թե դատական համակարգի անկախության հետ, այլ առանձին դատավորների անկախության հետ.

«Այս պահին Հայաստանում դա է նպատակահարմար, որովհետև եթե նկատի ունենք չափանիշները, որոնք պետք է բնորոշեն այդ համակարգին, բնականաբար այդ չափանիշներով որևէ դրվագ չի համապատասխանում։ Ես ընդհանարապես դեմ եմ անձնավորված խոսել որևէ բացասական երևույթի մասին, պետք է խոսել երևույթի մասին, բոլորն ովքեր ընկնում են այդ երևույթի տակ՝ անկախ պաշտոնից, անկախ դիրքից, անկախ որևէ հանգամանքից չպետք է աշխատեն արդարադատության, արդարության վերականգման համար»,-նշեց Մարտիրոսյանը։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest