Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի փոքրիկներն այսուհետ խաղահրապարակ, մանկապարտեզ ու գրադարան կունենան:

Գյուղն ունի  650  բնակիչ, որից  230-ը երեխաներ են: Գյուղում խրախուսվում է շատ երեխաներ ունենալը, այստեղ  յոթից  մինչեւ տասներեք երեխա են ունենում:

«Կարդա եւ խաղա Վաղուհասում »  ծրագրի հեղինակ, գյուղի դպրոցի ուսուցչուհի Նաիրա Բալայանը նշում է, որ այդ ծրագիրը կազմել է յոթ միլիոն վեց հարյուր հիսուն հազար դրամ, վեց հարյուր նվիրատուների միջոցով կարողացել են հավաքել գումարը:

«Հունիսի 1-ին եղավ մանկապարտեզի բացումը, գյուղի 60 երեխաներ հաճախում են մանկապարտեզ: Պատերազմից հետո, «Դասավանդիր Հայաստան » ծրագրից եկան ներկայացուցիչներ եւ դպրոցի տնօրենին առաջարկեցին երեխաների համար անցկացնել առաջնորդության դասընթացներ՝ սովորեցնել նախագիծ գծելը, ծրագիր գրել, հաշվել բյուջեն: Դպրոցի տնօրինությունն առաջարկեց, որ ես լինեմ այդ առաջնորդ ուսուցիչը: Մեր նպատակն էր  երեխաներին հասկացնել, որ իրենք ունեն փոփոխություններ կատարելու ներուժ, գյուղի կյանքն առավել ակտիվ ու հետաքրքիր դարձնել:  Օրինակ, գյուղում չկա մի վայր, որտեղ երեխաները կարող են իրենց ազատ ժամանակն անցկացնել միասին, շփվել միմյանց  հետ: Եվ մտածեցինք, որ կարող ենք խաղահրապարակ կառուցել: Շատերը ծիծաղում էին, որ դա մեծ ծախսերի հետ է կապված, դա միայն երազանք է, բայց ես երեխաներին ոգեշնչեցի, որ յուրաքանչյուր երազանք կարող է դառնալ իրականություն, եթե մենք մեր առջեւ նպատակ դնենք եւ փորձենք իրագործել այն:     Եվ այդպես երեխաների հետ ծրագիր գրեցինք, մշակեցինք, սկսեցի հետաքրքրվել տարբեր հիմնադրամներով, դիմել մարդկանց, որպեսզի իմանամ, թե ինչպես կարելի է այդ նախագիծը կյանքի կոչել: Հետո իմացա «ռե Արմենիա »  հարթակի մասին, դիմեցի իրենց, իրենք օգնեցին, ինչի համար շնորհակալ ենք »,- ասում է Նաիրա Բալայանը:

«ռե Արմենիա » հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանն էլ շատ խորհրդանշական է համարում, որ Վաղուհասի դրամահավաքի համար մասնակցել է շուրջ վեց հարյուր մարդ, հավաքվել է ինը հարյուրից ավելի գիրք:

«Երբ նախագիծը սկսեց գործել, մարդիկ սկսեցին հանգանակություններ անել, մեզ հետ կապ հաստատեց  իննսունականների պատերազմի ժամանակ  Վաղուհասի պաշտպանության հրամանատարը` Լյուդվիգ Միքայելյանը  եւ  իր ողջ գրադարանը նվիրեց Վաղուհասին: Հետաքրքիր էր նաեւ, որ ՌԴ-ում ծնված-մեծացած մի երեխա, որն իր ծնունդին գումար էր ստացել որպես նվեր, որոշել էր այդ գումարը փոխանցել Վաղուհասին: Երեւանում եւ Հայաստանի տարբեր քաղաքներում ամեն բակում նման խաղահրապարակներ կան: Բայց պատկերացրեք, թե ինչ նշանակություն ունի այն Արցախի մի հեռավոր գյուղի համար, երբ մարդիկ նույնիսկ մերձակա գյուղերից են իրենց երեխաներին բերում այստեղ, որ խաղան: Եվ շատ կարեւոր է, որ նախագծի հղեինակը գյուղի երեխաներն են իրենց ուսուցչուհու հետ»,- ասաց  Արմինե Մկրտչյանը:

Պատերազմից հետո միայն երկու ընտանիք չի վերադարձել գյուղ, մեկը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, մյուսը բնակություն է հաստատել Երեւանում: Փոխարենը քսաներկու տեղահանված բնակիչ է տեղափոխվել Վաղուհաս:

Վաղուհասցի Ժյուլվեռն Սեւյանն արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է գյուղի հրամանատարը: Սեւյանի մանկահասակ տղա  թոռը զինվորական համազգեստ է հագել եւ վազվզում է գյուղի կենտրոնում:

«Մեր ժողովուրդը երբեք կոտրվող չէ, հատկապես` Վաղուհասում: Ունենք համայնքի լավ ղեկավար, լավ նախագահ, որն արցախյան առաջին պատերազմին է մասնակցել դեռ 17 տարեկանից: Այստեղ բոլորն էլ պատերազմի բովով անցած մարդիկ են, ո՞վ կթողնի ու գնա: Ես կարող եմ գնալ այնտեղ, որտեղ, մի մետր այն կողմ, նստած է ազերին, դե հիմա ինչ լինի` լինելու է, ինչի՞ց պետք է վախենամ »,- ասում է Սեւյանը: Նա վստահ է, որ Արցախն ապրելու է:

Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest