«Never give up ».Արցախի Հաղորտի փոքրիկ գյուղում բացվեց «Մունք » տեխնոդպրոցը

70

2020թ. 44-օրյա պատերազմից հետո արցախցիները փորձում են վերագտնել իրենց, վերադառնալ նախկին կյանքին, թեպետ դա շատ դժվար է: Դժվար է հատկապես նրանց համար, որոնք հարկադրաբար թողել են իրենց  տները Շուշիում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ բնակավայրերում եւ հաստատվել են Ստեփանակերտում ու հարակից գյուղերում:   Դժվար է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են, թե ինչպես, քանի զոհ են տվել իրենց ընտանիքից  արցախյան առաջին պատերազմի ժամանակ, քանիսին` 44-օրյա պատերազմի ժամանակ:

«ռեԱրմենիա »  համագործակցության հարթակի կողմից  հունիսի 18-19-ը կազմակերպված դեպի Արցախ մեդիա արշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում արցախցիները  բավականին զուսպ էին, շատերը խուսափում էին խոսել, քանի որ դեռ չէին հաղթահարել կորստյան ցավը:

«Ի՞նչ ասեմ, Շուշիում էի ապրում, հիմա` Ստեփանակերտում »,- մեր հարցերին արձագանքեց  մի կին եւ արագ հեռացավ:

Համլետ Սարգսյանն ասում է, որ մինչեւ վերջին օրը մնացել են հայրենի Սղնախ գյուղում, հոկտեմբերի 27-ին գյուղը հանձնել են: Հետո ամեն ինչ թողել-հեռացել են:  Համլետն ասում է, որ ԱԹՍ-ն հարվածել է, իրեն բերել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, վիրահատել են ոտքերը, լավ են վերաբերվել,  սակայն հետո նրան օգնություն չեն ցուցաբերել, իր հաշվին  տասն օր  մնացել է Երեւանի հյուրանոցներից մեկում, հետո վերադարձել Արցախ: Ասում է, որ ինքը քանի տեղից  վիրավորվել է, սակայն հաշմանդամության կարգ չեն տալիս, պատճառաբանել են, թե իր նման վիրավորներ  շատ կան, ո՞նց տան:

Համլետն ասում է, որ պատերազմում պարտության պատճառներից  մեկն էլ համապատասխան զենք չունենալն է եղել եւ անկազմակերպվածությունը:

Սերժիկ Մակյանն ասում է, որ  արցախյան երկու պատերազմների ընթացքում երեք եղբայրներին  է կորցրել, մեկն էլ վիրավոր է, ո՞վ իրավունք ունի արցախցու փոխարեն որոշումներ կայացնելու, Արցախի հարցը լուծելու:

Ստելլա Զաքարյանն ասում է, որ առաջին  պատերազմի ժամանակ կորցրել է ամուսնուն, երկրորդ պատերազմի ժամանակ` փեսային:  Չէր սպասում, որ երեսուն տարի անց կկրկնվի պատմությունը, եւ իրենք նորից կորուստներ կունենան:

«Մեր հողն ու ջուրն է, այդքան կորուստներ ենք տվել, ո՞ւր գնանք, ինչո՞ւ գնանք »,- հարցնում է Ստելլան:

Արցախի ապագան շատերն են կապում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, զարգացման հետ:

Հաղորտի փոքրիկ գյուղում հունիսի 18-ին  «ռեԱրմենիա »  համագործակցության հարթակի  ջանքերով   բացվեց  «Մունք »   տեխնոդպրոցը, որտեղ հաճախելու են 12-17 տարեկան դպրոցականները: Բացմանը  ներկա էին ինչպես Արցախի պաշտոնյաները, գյուղի բնակիչները` իրենց փոքրիկ երեխաներին գրկած, այնպես էլ Երեւանից  ժամանած հյուրեր:

«Never give up » (Երբեք չհանձնվես),- անգլերեն այս խոսքերն էին փակցված տեխնոդպրոցի  մուտքի պատին: Տեխնոդպրոցում արցախցի, նաեւ` դրսից  եկած մասնագետները, դասավանդելու են տեղեկատվական տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն, մարքետինգ, դիզայն եւ հարակից  այլ  մասնագիտացումներ: Երեխաները ներս ու դուրս էին անում, ծանոթանում տեխնոդպրոցին, նրա պայմաններին:  Հայտնի է, որ «Ես » կրթական հիմնադրամի շրջանավարտները կարող են մասնակցել տեխնոդպրոցի դասընթացներին  եւ անցնել երկրորդ փուլ, կբացահայտեն իրենց, թե որ մասնագիտությունն են նախընտրում եւ կընտրեն այն:

Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն ասում է, որ պատերազմից հետո արցախցիները փորձում են ոտքի կանգնել, երբեք չեն հանձնվի, կրթական, մշակութային  ծրագրեր են իրականացնում:

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում գտնվող  Հաղորտին ունի 160 բնակիչ, պատերազմից  հետո  այստեղից արտագաղթ չի եղել:  Գյուղի բնակիչ Նվարդ Հարությունյանը պատմում է, որ իր երկու որդիները ծառայում են Արցախի զինված ուժերում, պատերազմի ժամանակ փոքր որդին  եղել է Կարմիր շուկայում, այնտեղ կռվել է, հակառակորդից  զենք-զինամթերք առգրավել: Նրա որդին`  Հակոբ  Հարությունյանը,  մերօրյա  հերոս է:

Հաղորտիի գյուղապետ Նվեր Մարտիրոսյանը, որն արցախյան երկու պատերազմների մասնակից է, կարծում է, որ շատ պետք է կարեւորենք տեղեկատվական տեխնոլոգիաները, քանի որ վերջին պատերազմում մեր պարտությունը հենց արդիական զենքեր չունենալով էր պայմանավորված: Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշում էր, որ պետք է կարողանանք  ՏՏ  ոլորտի բարձրորակ մասնագետներ պատրաստել, միայն այդ կերպ կարող ենք մեր կորուստները վերականգնել պատերազմից  հետո, որի վերքերը դեռեւս իրենց զգացնել են տալիս:

Թագուհի Հակոբյան