Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որտեղ մասնավորապես անդրադարձել է օրեր առաջ քննչական կոմիտեում 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ հանդիպմանը: Հայտարարությունն ամբողջությամբ ստորև.

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային տարբեր այլ հարթակներով շարունակաբար անդրադարձ է կատարվում 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը և այդ ամենն ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով՝ անհրաժեշտ է պաշտոնապես պարզաբանել հետևյալը.

2022 թվականի մայիսի 20-ի՝ հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի նախաձեռնությամբ և հրավերով, որին ներկա են գտնվել նաև փաստաբաններ, քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը, ստորաբաժանման ղեկավարը և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալը։

Ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի, նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով:

Հավելենք, որ ստեղծված իրավիճակն անմիջապես հարթվել է և հանդիպումը շարունակվել ու ընդհանուր առմամբ տևել է գրեթե երեք ժամ, որն արգելվել է տեսաձայնագրել, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում և ծավալվող խոսակցությունները, բնականաբար, ներառելու էին 2020 թվականի արցախյան պատերազմին վերաբերող ու նախաքննական գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ:

Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ տվյալ հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն ու նկարագրություններն անհիմն են և արհեստածին:

Ամենայն հարգանք տածելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների ու նրանց ծնողների նկատմամբ՝ միաժամանակ հորդորում ենք հիշյալ հանդիպումը և վերջինիս ընթացքում տեղի ունեցած զարգացումները չդարձնել անհարկի շահարկումների առարկա»:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest