ՀՀ արդարադատության նախարարությունը լիազորություն չունի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխնախարար Գրիգոր Մինասյանն ՝ անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ հարցին:

Գրիգորյան Մինասյանը նախ նշեց, որ գործադիրն այն մարմինը չէ, որ  կարող է մեկնաբանել այդ ձայնագրությունը, քանի որ դա կդիտվի դատական իշխանության նկատմամբ միջամտություն, ինքն իր լիազորությունների շրջանակում իրավասու չէ գնահատական տալ:

«Դա կդիտվի միջամտություն դատական իշխանությանը: Արդարադատության նախարարությունն ունի իրավասություն՝ կարգապահական վարույթների շրջանակներում տվյալ հարցի հետ կապված միջամտություն գործել: Բայց այս առումով էլ սահմանափակված ենք, քանի որ մենք՝ որպես լիազոր մարմին, այդ շրջանակներում իրավասություն չունենք»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախարարությունն ունի լիազորություն Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել՝ բացասական պատասխան տվեց:

«Ոչ, չունի,  ԲԴԽ 3 անդամները միայն կարող են օրենքով սահմանված կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկել: Խորհրդի միայն 3 անդամ կարող է այդ գործընթացն առաջ տանել, նախարարությունը որևէ լիազորություն չունի»,-ասաց Մինասյանը:

Հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) կողմից հրապարակվել է ձայնագրություն, որում լսվում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձայնը, ով հորդորում է Վարդազարյանին հրաժարական տալ «հանգիստ կյանքի դիմաց»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest