ԱԱԾ-ն նոր գեներալի է ձերբակալել, որը մեղադրում է ՊՆ-ի սահմնած չափանիշներին չհամապատասխանող  զինամթերքի ձեռքբերման համար, ինչն էլ ևս նպաստել է   44-օրյա պատերազմի աղետալի ելքին: Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

Ծառայության տեղեկություններով՝ Արմեն Հարությունյանն օժանդակել է ՊՆ-ի կարիքների համար 523 մլն դրամի կամ 1 մլն 83 հազար դոլարի ՊՆ-ի սահմանած չափանիշներին չհամապատասխանող զինամթերքի մատակարարմանը: Ըստ ԱԱԾ-ի՝ գեներալը տեղյակ է եղել, որ մասնավոր ընկերությունը մատակարարել է մարտավարական և տեխնիկական պահանջներին չբավարարող հրանոթի կրակոցներ, սակայն թաքցրել է այդ փաստը: Խոսքը բանակին մատակարարված 1977 թվականի չեխական արտադրության զինամթերքի մասին է:

ԱԱԾ-ն նշում է, որ ձեռք բերված խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, սակայն մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:

ՊՆ-ի տեխնիկական պահանջները չբավարարող հրանոթները ձեռք են բերվել խնդրի մասին բանակի ռազմաքաղաքական ղեկավարության իմացությամբ: Այս մասին Factor TV-ին հայտնեց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը: Նա այդ ժամանակահատվածում զբաղեցրել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը:

«Դրա մասին բոլորը տեղյակ են եղել, հրամանատարությանը, զեկավար կազմին խնդրի մասին զեկուցվել է, ասվել է, որ այդ հրթիռներն ունեն այդ խնդիրները: Որոշում է կայացվել ու ընդունվել է, պաշտպանության նախարարն է որոշում կայացրել, ԳՇ պետը, խորհրդակցություն է եղել, ես մասնակցել եմ այդ քննարկմանը»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Նշված ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Տոնոյանը, իսկ ԳՇ պետն Արտակ Դավթյանն էր: Դավիթ Տոնոյանը պաշտոնանկ արվեց 44-օրյա պատերազմից հետո, նա այժմ կալանավորված է մեկ այլ՝ բանակին մատակարարված 4,6 մլն դոլարի անպիտան հրթիռների քրգործով: Նույն գործով մեղադրյալ է նաև Արտակ Դավթյանը, որը, սակայն, ազատության մեջ է:

Արտակ Դավթյանը հրաժարվեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ՝ չպարզաբանելով՝ արդյո՞ք այս քրգործով ևս անցնում է, թե՞ ոչ: Իսկ Մովսես Հակոբյանը, ի դեպ, նշեց, որ ինքը վկայի կարգավիճակ ունի և մեկ անգամ արդեն հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության:

ԱԱԾ-ն այսօր տարածված հաղորդագրությունում, առանց անուններ նշելու, հայտնել էր, որ քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը: Մովսես Հակոբյանը փոխանցեց, որ մատակարարը զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանն է, որը հանրությանն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ: Տեղեկությունը հաստատեց նաև Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նշենք, որ Դավիթ Գալստյանը, բացի այս քրգործը, անցում է մեկ այլ քրեական գործով: Ըստ ԱԱԾ-ի՝ 2018 թվականին նա բանակի համար 4․200 ժամկետանց հրթիռներ է մատակարարել, որոնք պահեստավորված են եղել ՊՆ-ում և հեղափոխությունից հետո գնման ընթացակարգ է իրականացվել: Գալստյանն այս գործով վերականգնել է իրեն մեղսագրվող 2,7 մլրդ դրամը և 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի խոսքով՝ այսօր գեներալի ձերբակալությունը ցույց է տալիս, որ կա քաղաքական կամք՝ բացահայտել պատերազմի մեղավորներին նաև վերին օղակներում:

«Մի փոքր կուզեինք, որ ինտենսիվորեն լիներ այդ գործընթացները, բայց ինտենսիվությունը կաղում է, այնուհանդերձ, որոշ շոշափելի գործընթացներ տեղի են ունենում: Այս բացահայտումը խոսում է այն մասին, որ մեր անվտանգային ոլորտը տարիներ շարունակ կառավարվել է ոչ արդյունավետ»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ անվտանգային ոլորտում կոռուպցիոն դրսևորումները պայմանավորված են ոչ արդյունավետ կառավարմամբ, թափանցիկության և վերահսկողական մեխանիզմների բացակայությամբ: Այս խնդիրները, Մարգարյանի խոսքով, բացասական ազդեցություն են ունենում բանակի մարտունակության վրա և, ըստ էության, խեղվում է ողջ անվտանգային համակարգը: ԱԱԾ-ի այսօրվա մատնանշած դեպքը, ըստ փորձագետի, միանշանակ բացասական ազդեցություն է ունեցել պատերազմի ելքի վրա:

«Միանշանակ ազդել են և ահռելի մեծ ազդեցություն պետք է ունեցած լինեին, որովհետև, երբ անվտանգային ոլորտը ոչ արդյունավետ են կառավարվում ազդում է ամբողջ անվտանգային համակարգի վրա: Այս պայմաններում, երբ հայտնվում ես պատերազմական գործողություններում՝ ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես»,- ասաց Արմինե Մարգարյանը:

Արմինե Մարգարյանը կարևորում է, որ ոչ միայն քրգործեր հարուցվեն, այլ նաև լինեն վերջնական վճիռներ:

Նարեկ Կիրակոսյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest