«Միայն նայեք Երվանդի լուսանկարին ու կհասկանաք, թե ինչ տղա եմ կորցրել»,- ասում է 44-օրյա պատերազմում զոհված Երվանդ Ավետիսյանի հայրը` Մխիթարը ու ցույց տալիս որդու ժպտերես նկարները:

Ժամկետային զինծառայողը ծնվել էր  2000թ-ի հուլիսի 23-ին ԵղԵգնաձորի ծննդատանը, արհեստավորի ընտանիքում: Ծնողները որոշել էին, որ նա ապագայում կդառնա հորաքրոջ հենարանն ու ժառանգորդը, այն հորաքրոջ, ով արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ջաբլրայիլի հոսպիտալում որպես բժիշկ գործուղման ժամանակ  կորցրել էր իր չծնված զավակին:

Երվանդ երեք տարեկան էր, երբ ծնողներըն ամուսնալուծվել են: Երեք երեխաները շարունակել են ապրել հոր մոտ, ում հետ մեկնել են ՌԴ: Միայնակ հորը երեք երեխաներին մեծացնելու ու դաստիարակելու հարցում օգնել են նրա ծնողները եւ քույրը:

Երվանդի մեծ եղբայրը` Սպարտակը 2016թ- ին զորակոչվել է բանակ եւ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:  Այդ ժամանակվանից սկսած Երվանդը որոշում է կայացրել, որ երբ գա իր հերթը, ինքը եւս վերադառնալու է հայրենիք եւ անցնի ծառայության: Հարազատների խոսքով, նրան շատերն էին ասում , թե վերադառնալ պետք չէ, ավելի լավ է մնա ՌԴ-ում, սակայն նա իր որոշումն արդեն կայացրել էր: «Պետք է ծառայեմ Հայաստանում: Եղբայրս ծառայել է, ես էլ պետք է ծառայեմ»,- ասել է նա հարազատներին:

«Նա 2019թ-ի հունվարին 29-ին զորակոչվեց բանակ: Վիճակահանությամբ հայտնվեց  Մարտակերտի Ներքին Հորաթաղում`  Հրետանավորների մարտկոցում»,- պատմում է հայրը:  Նրա խոսքով, որդին 1 տարի 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվել է պատերազմը:

«Նա արդեն շատ փորձառու էր, նաեւ շատ ուժեղ էր, այդ պատճառով բոլոր հրահանգները հեշտությամբ էր կատարում: Հետո նրա հետ ծառայողներն էին մեզ պատմում, որ նրա համար անհնար թիրախ կամ իրավիճակ չկար»,- ասում է զոհված զինվորի հայրը: Մխիթարը նշում է` որդին 18 օր անդադար մարտնչել է ու մասնակցել թեժ մարտերի ժամանակ: Հայտնի է, որ ժամկետային զինծառայողը զոհվել է հոկտեմբերի 14-ին`  ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով:

Խոսելով տեղի ունեցածի մասին, Երվանդ Ավետիսյանի հայրն ասում է. «Այս կորուստը ոչինչ չի կարող լրացնել: Երվանդը մի ուրիշ տղա էր ու նա արժանի էր այլ ճակատագրի… տղայիս կորուստը բոլորը շատ վատ տարան, բայց ամենաահավորը քրոջս` Երվանդի հորաքրոջ համար էր»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest