Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է պետական դավաճանության հերթական դեպքերը։

Նախկին զինծառայող ՀՀ քաղաքացին սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և հավաքագրվել է նրանց կողմից։ Նա օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, նրանց զինվածության, մարտական առաջադրանքի, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, լուսանկարել և ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները։

«Բացի դրանից, օտարերկրյա հետախուզական ծառայության առաջադրանքով զինծառայողը կապ է հաստատել նախկին համածառայակցի հետ և փորձել հանձնելու նպատակով ձեռք բերել ռազմական բնագավառին վերաբերող այլ տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ համար N զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, որպիսի գործողությունների կատարումը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

Դավաճանական գործողությունների դիմաց նախկին զինծառայողն օտարերկրյա հատուկ ծառայություններից մաս-մաս ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 ԱՄՆ դոլար և 6000 ՌԴ ռուբլի գումար։

Միևնույն ժամանակ, ԱԱԾ-ում քննվող մեկ այլ գործով ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող պայմանագրային զինծառայողը, սոցիալական ցանցերի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և հավաքագրվել նրանց կողմից։

«Հիշյալ զինծառայողը ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու դիմաց գումար ստանալու նպատակով, հավաքել և բջջային հավելվածների միջոցով նրանց է փոխանցել ՀՀ անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հանդիսացող տեղեկություններ՝ նշված գործողությունների համար բանկային փոխանցումներով պարբերաբար ստանալով ընդհանուր 900 ԱՄՆ դոլար գումար։

Պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հիշյալ երկու զինծառայողները ձերբակալվել են և տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest