Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են առիթ հանդիսանալ Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ընդհուպ լիազորությունների դադարեցման համար: Կառավարության առաջարկությամբ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայարեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:

Մինչ փոփոխություններին անդրադառնալը արդարադատության փոխնախարարը նշեց, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկվում է միջազգային դատարանի որոշմամբ բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք՝ հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները:

Մինասյանի խոսքով՝  նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին, վերջինիս կարծիքի հիման վրա այն էականորեն լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ:

«Հստակեցվել է, որ այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տված խախտումը հայտնաբերվել է, օրինակ, ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում, ապա այդ հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո 1 տարվա ժամկետում: Նախատեսվել է նաև, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե, օրինակ, ՄԻԵԴ-ի վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի»,- նշեց փոխնախարարը:

Նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է կարգավորում, որ կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված ՄԻԵԴ ակտերով արձանագրված կամ բացահայտված խախտումներ։ Այս դեպքում ևս գործում է մինչև 15 տարվա վաղեմության պայման։

«Այս կարգավորման առնչությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ իրավական համակարգը հիմնված է եղել այն ընդհանուր տրամաբանույան վրա, որ արդարադատություն իրականացնելիս նյութական դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, այդ թվում այն դեպքերում, երբ այդ խախտումը հաստատվում էր ՄԻԵԴ ակտով, դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք է, իսկ այդ խախտումները կարող էին հանգեցնել լիազորությունների դադարեցման»։

 

 

Pin It on Pinterest