Կառավարությունը հրաժարվեց «Ծանր վիրավորանք»-ից․հարուցված քրեական գործերը հնարավոր է կարճել

23

Տեղական ու միջազգային փորձագետների տևական քննադատությունից հետո կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից։

Հուլիսի 1-ից քրեական նոր օրենսգրքում չի գործի դեռ մեկ տարի առաջ ընդունված «Ծանր վիրավորանք»-ի համար քրեական պատասխանատվության ենթարկելու դրույթը։ Փոխարենը, անձին ծանր վիրավորանք հասցնելու համար կկիրառվի մինչ օրս գործող քաղաքացիական օրենսգրքով սահմանված մինչև 3 միլիոն դրամի տուգանքի դրույթը․

«Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բևեռացման պայմաններում առանձին խմբերի և անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով»,-իր էջում գրել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Մեկ տարի առաջ ընդունված օրենքով անպարկեշտ խոսքերի և հայհոյանքի համար քաղաքացին կարող էր ազատազրկվել մինչև երեք ամսով։ Օրենքն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով՝ հարուցելով ընդդիմության, լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների դժգոհությունը։ Փորձագետները մշտապես ասում էին, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի և կարծիքի ազատությանը։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը Forrights.am-ի հետ զրույցում ասել էր, որ սույն հոդվածով հարուցված քրեական գործերից 90%-ը բարձրաստիճան պաշտոնատար անձանց քննադատության համար է, այն էլ, որոշ դեպքերում, նույնիսկ հայհոյանք չէ, սուր քննադատություն է։ Այս պրակտիկան հակասում է ՍԴ-ի դիրքորոշմանը, որովհետև դրա իրական նպատակն է լռեցնել սուր քննադատությունը գործադիր իշխանության նկատմամբ․

«Երկրների մոտ կեսն ունի նման օրենսդրություն, բայց հազվադեպ են կիրառում։ Մեր նման չեն վերցնում հարյուրավոր գործեր, որոնցից  90%-ը վարչապետի կամ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց է վերաբերում։ Եթե տվյալների կոնտեքստում նայենք, պրակտիկան այսօր հակասահմանադրական է։ Նման նորմը կարող է պետք գալ, եթե քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Եթե քաղաքական համատեքստում է, ապա ճիշտ կլինի դա չօգտագործել, որովհետև ինքն արդեն սառեցնող ազդեցություն է ունենում»։

Freedom House-ը ևս մտահոգված էր նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով․

«Այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և երկյուղալի ազդեցություն է գործում ազատ խոսքի համար։

Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որի կողմ է Հայաստանը»,-նշված էր Freedom House-ի հայտարարության մեջ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի մասով փոփոխությունները որոշակիության հետ խնդիր ունեին, քանի որ դժվար կլիներ նման իրավական գործընթացներում որոշել, թե որն է ծանր վիրավորանքը․

«Օրենսդրական փոփոխություններն իրենց մեջ անհրաժեշտ ուղեցույց չեն պարունակում, և, այդ առումով, ՍԴ-ի որոշումը հարցեր է առաջացնում։ Հիմնական խնդիրն այն է, թե արդյո՞ք դատարանները նույնական վերաբերմունք կցուցաբերեն այդպիսի գործերի հետ առնչվելիս։ Քանի որ չկա որոշակիություն, կարող է բերել նաև ընտրողական վերաբերմունքի։ Դա առաջացնում է խնդիրներ խոսքի և արտահայտման ազատության առումով»։

Հիշեցնենք՝ պաշտոնական վերջին տվյալներով, «Ծանր վիրավորանք»-ի հոդվածով հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ, որից ավելի քան 50-ն արդեն դատարանում է։ 6 գործով արդեն կա ուժի մեջ մտած դատավճիռ։

Մեզ հետ զրույցում փաստաբան Արա Ղազարյանն ասաց՝ Հարուցված քրեական գործերը հնարավոր է կարճել, բոլոր գործերի համար կան առանձին մեխանիզմներ․

«Նախաքննության փուլում գտնվող գործերը կարճվում են, որովհետև չկա այլևս հանցագործություն, դատաքննության փուլում դատարանը համապատասխանեցում է կատարում, նույնպես կարճում է, իսկ դատապարտվածներն արդեն իրենք են դիմում Վճռաբեկ դատարան կամ Գլխավոր դատախազությունն է դիմում Վճռաբեկ դատարան, որպեսզի վերաբացվեն կամ վերանայվեն այդ դատական ակտերը»։