Այս օրերին նկարիչների միությունում տեղի է ունենում  44-օրյա պատերազմում զոհված 25 արվեստագետ երիտասարդներին նվիրված «Ես եմ, ես կա՛մ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են նրանց աշխատանքները՝ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական գործեր: Միջոցառման շրջանակներում նաեւ հրատարակվել է  25 արվեստագետների աշխատանքների կատալոգը: Նախագծի հեղինակն ու համակարգողը Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունն է: Գրասենյակի ղեկավար Ռուզաննա Առաքելյանի խոսքով, տղաների աշխատանքները պետք  է մեզ ստիպեն հիշել նրանց մասին ու զգալ նրանց ներկայությունը մեր կյանքում:

Պատերազմում զոհված  Արամ Պողոսյան մայրը` Կարինե Հարությունյանն ասում է, որդին բանակ էր մեկնել Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո: Ծառայությունից հետո նա ցանկանում էր մեկնել Իտալիյա եւ ուսումը շարունակել այնտեղ:

«44-օրյա պատերազմին մենք միայն 5000 մարդկային զոհ չենք տվել: Մենք մտքի զոհ ենք տվել, ոգու զոհ ենք տվել, զոհված տղաների մեջ էր մեր վաղվա միտքը ոգին, հիշողությունն ու ապագան»,- ասում է բանաստեղծ հուսիկ Արան:

Ցուցահանդեսում ներկայացված 25 արվեստագետներն են՝ Արթուր Ասրյան, Գեւորգ Արշակյան, Մորիս Գրիգորյան, Գոռ Հակոբյան, Հովհաննես (Ջոն) Մազմանյան, Հայկ Նալբանդյան, Տարոն Ֆիլիպոսյան, Գոռ Ավագյան, Վահագն Ավանեսյան, Գոռ Ավետիքյան, Արթուր Բալասանյան, Անդրանիկ Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Արտակ Թովմասյան, Աժդահակ Կիրակոսյան, Ալիկ Հախվերդյան, Խորեն Հաջաթյան, Արման Հարությունյան, Հարություն Ղազարյան, Հակոբ Մելիքսեթյան, Միսակ Մկրտչյան, Վիգեն Մուրադյան, Արամ Պողոսյան, Մուշեղ Վարդանյան, Էդգար Տոնականյան:

Նախորդ տարվա մայիսին միությունը հրապարակել էր «Հնչող ձայներ» գիրքը, որտեղ ներկայացված էին 44-օրյա պատերազմում զոհված 10 տղաների՝ Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Հայասեր Հովսեփյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքբեկյանի, Շանթ Նավոյանի եւ Արցախյան առաջին ազատամարտում զոհված արցախցի բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները:

 

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest