Մեկ տարի ութ ամիս առաջ հարուցված քրեական գործով այսօր ձերբակալել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Վերջինիս մեղադրանք են առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով(Զանգվածային անկարգություն) և 164-րդ հոդվածի 1-ին մասով              (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և ներկայացրել կալանավորման միջնորդություն։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասած պաշտպան Վահե Եփրիկյանը։

«Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ այս երկու տարվա ընթացքում Եսայանը մասնակցել է բոլոր դատական նիստերին, բացատրություններ է տվել, հանդես է եկել ասուլիսներով․

«Այժմ ԱԱԾ-ականները որոշել են գալ լրատվամիջոց և աշխատանքը խանգարելով, աշխատակիցների աչքերի առջև Բագրատ Եսայանին տանել ԱԱԾ։ Հիմա սա ձևակերպենք, որ քաղաքացի՞ Բագրատ Եսայանին են ձերբակալել, թե՞ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրենին՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեռուստաընկերության դեմ իրականացվող արշավը»։

Հիշեցնենք՝ 2020թ․նոյեմբերի 10-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում մոտ 4 տասնյակ տղամարդ փորձել են ներխուժել «Ազատության» գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Գրասենյակ ներխուժել փորձողների մեջ է եղել ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը։

Ավելի ուշ «Ազատությունը» ստացած անվտանգության տեսախցիկների կատարած նկարահանումները պարզել են, որ շենք ներխուժած տղամարդկանց շարքում է եղել նաև դաշնակցական Բագրատ Եսայանը, ով նախկինում հյուրընկալվել է «Ազատության» տաղավարում և լավ իմացել, թե շենքի բազմաթիվ գրասենյակներից որտեղ է գտնում «Ազատության» տաղավարը։

Այսօր ԱԱԾ 4 աշխատակիցներ ներխուժել էին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ և նրան տարել ԱԱԾ:

 

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest