Կոտայքի մարզի Արգել համայնքի քիչ բազմաբնակարան շենքերից մեկի բակում կարելի է նոր կառուցված ու խնաված տաղավար տեսնել: Դրա ներսում կա գրություն. «Արմենի հիշատակին. Աստված պահապան բոլոր զինվորներին»: 18-ամյա զինվորը զոհվել է 2020թ-ի հոկտեմբերի 13-ին:

Ժամկետային զինծառայող Արմեն Մարտիրոսյանը ընտանիքի միակ որդին էր, ունի մեկ քույր: Նրա ծառայությունն անցնում էր Իջեւանում: Մինչեւ բանակ մեկնելը սկսել էր սովորել Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում: Պարտադիր ժամկետային զինծառայությունից վերադառնալուց հետո նա  ցանկանում էր բարձրագույն կրթություն ստանալ եւ դառնալ ծրագրավորող:

Արմենի մայրը` Վարդուհին պատմում է.«Ինչ-որ առումով հանգիստ էինք, որ տղաս Իջեւանում է, եւ բուն պատերազմական գործողություններին չի մասնակցում, բայց հետո պարզվեց, որ ամուսինս գիտի ավելին, քան ես: Պարզվեց, որ ամսի մեկին իրանց արդեն տեղափոխել են Արցախ: Դա ես իմացա պատահաբար: Զգում էի, որ ինչ որ բան թաքցնում է, ու հերթական անգամ, երբ ինքը զանգեց, կատակով ասեցի` գիտեմ, որ Արցախում ես, բայց չգիտեմ, թե կոնկրետ որ հատվածում ես: Ու Արմենը շատ զայրացավ, ասեց` ով ա քեզ էդ ասել: Այդպես իմացա, որ նա արդեն մեկ շաբաթ է ամենավտանգավոր տեղերից մեկում է գտնվում»:

Հոկտեմբերի 7-ին Արմենի ծննդյան օրն էր: Այդ օրը նա շարունակել է մնալ առաջնագծում:

«Տղես իր վերջին ծնունդը ականների պայթյունների ու կրակոցների տակ նշեց: Ամսի յոթին նրա 19-ամյակն էր» ,- պատմում է մայրը: Ընդունելով Արցախում գտնվելու փաստը, սակայն, Արմենը շարունակել է պնդել, թե ինքը առաջնագծում չէ ու որ իրեն վտանգ չի սպառնում: Մոր հարցերին ի պատասան միշտ ասում էր, որ հեռախոսով լսվող աղմուկն ընդամենը ծառայակից ընկերների աշխատանքի ձայնն է:

Հայտնի է, որ զինվորը զոհվել  է իր 19-ամյակը բոլորելուց վեց օր անց` հոկտեմբերի 13-ին:  «Զինակից ընկեր Միքայելը պատմել է, որ Արմենը մահացել է նրա գրկում: Արմենը կանգնած է եղել  արկերի մոտ, հմտորեն կատարելիս է եղել բոլոր հրամանները: Հանկարծ թշնամու կրակոցներն են լսվել, ու ամեն ինչ վեր է ածվել ծխի ու մրի: Միքայելը գրկել է գետնին ընկած որդուս, գոռացել է` Արմեն խոսա, մի բան ասա: Տղաս աչքերը մի պահ բացել է, ու ասել` ասա ու ընդմիշտ  փակել է աչքերը»,- ասում է մայրը:

Արմենը հուղարկավորված է Արգելի զինվորական պանթեոնում: Հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Անի Գևորգյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest