Այսօր «Բարձր աշխատավարձ․ դատավորները կնայեն մարդկանց ձեռքի՞ն, թե՞ աչքերին» թեմայով քննարկմանը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ դատավորներն իրենց վարույթում ունեն մինչև 600 գործ, և կարևոր չէ, որ աշխատավարձը բարձր է, միևնույն է ֆիզիկապես հնարավոր չէ այդ գործերի քանակությամբ որակի ցուցանիշ ապահովել․

«Դատական համակարգի կարևորագույն չափանիշներից մեկը սոցիալական ապահովութունն է։ Դատավորները ծանրաբեռնված են, բայց դա չափանիշ չէ։ Կառավարությունը և իշխանությունները պետք է գնան այն քաղաքականությանը, որ նվազեցնեն առաջին հերթին այդ ծանրաբեռնվածությունը, արհեստական ծանրաբեռնվածությունը, երկրորդ՝ օրենսդրական բարեփոխումներով ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ դատավորները պարտադրված չլինեն վարույթում ունենալ մինչև 600 գործ»։

Դատավորների աշխատավարձերում փոփոխություն կատարելու մասին նախագծին դրական եզրակացություն էր տվել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Վահագն Հովակիմյանն, օրինակ, հայտարարել էր, որ դատավորների աշխատավարձերի բարձրացումը դատական համակարգի բարեփոխման կարևոր բաղադրիչներից մեկն է։

Ըստ Մարտիրոսյանի՝ անտրամաբանական է, որ դատական համակարգի աշխատանքի արդյունավետությանը նպաստող փորձագիտական հիմնարկների աշխատողները ստանան 150․000 դրամ աշխատավարձ, իսկ դատավորն օրինակ՝ 1 միլիոն 2 հարյուր հազար դրամ աշխատավարձ։ Որևէ տրամաբանության չի ենթարկվում Առաջին ատյանի դատարանի դատական համակարգի աշխատավարձերի չբարձրացմանը զուգահեռ՝ այդչափ կտրուկ բարձրացում վերին ատյաններում․

«Հաշվի առնելով այն մոտեցումը, որ այսօր դատական համակարգի վարձատրության չափանիշը հանրապետությունում միջինից շատ ավելի բարձր է, և դա արդյունավետություն դեռևս չի ապահովում՝ հարց է առաջանում՝ դրան զուգահեռ այլ քայլեր իրականցվու՞մ են, և երկրորդ՝ ի՞նչն էր նպատակը սկսել Սահմանադրական և Վճռաբեկ դատարաններից»։

Փորձագետը հարցի պատասխանը կապում է այլ օրակարգի հետ․ ՍԴ-ն առաջիկայում ուսումնասիրելու և քննելու է երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր, և միգուցե դրանով փորձում են «սիրաշահել» ՍԴ դատավորներին․

«Վճռաբեկ դատարանն էլ ձեռքի հետ ընկավ ազդեցության տակ, որ միայն ՍԴ դատավորների հանգամանքը չշեշտադրվի»։

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest