Հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:

Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, «չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ»։

Անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած դեպքերով հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 11 անձ։

«Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները մոտեցել են ոստիկանության շղթային՝ ոստիկանների կողմից չբացելու պարագայում նպատակ ունենալով ճեղքել այն։ Մասնակիցները սկսել են հրել վահաններ կրող ոստիկաններին։ Իրավիճակը ծայրահեղ լարվել է։

Հելսինկյան կոմիտեի զեկույցի համաձայն՝ ոստիկանները գործողությունների ընթացքում դրսևորել են աննախադեպ բռնություններ՝ որոնք արձանագրված են տեսանյութերում։ Ցուցարարներից մեկին ոստիկանության մի քանի ծառայողներ գցել են գետնին՝ բռունցքով հարվածելով դեմքին։ Մեկ այլ ցուցարարի բերման են ենթարկել՝ մի քանի հոգով քաշքշելով հագուստից և հարվածելով ոտքով։ Մի քանի րոպե անց ոստիկանները հարվածներով բերման են ենթարկել ևս մեկ ցուցարարի, այնուհետև խմբով ծեծի ենթարկել ուրիշին՝ մի քանի հոգով բռունցքներով հետևից հարվածներ հասցնելով։

«Հավաքի ընթացքում ոստիկանությունը, առաջին անգամ 2018 թ․-ից ի վեր, կիրառեց լուսաձայնային նռնակներ։ Առաջին լուսաձայնային նռնակը պայթեց կառավարական առանձնատուն տանող ճանապարհի՝ մուտքից աջ գտնվող լուսացույցի մոտ, որտեղ շղթա կազմած կանգնած էին ոստիկանության ծառայողները։ Նռնակների հաջորդ կրակոցները ճշգրտված էին և պայթում էին օդում»,-ասված է զեկույցում։

Հիշեցնենք՝ Արցախի հարցով հայտարարության ընդունման համար ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հունիսի 3-ի արտահերթ նիստը տեղի չունեցավ։ Ընդդիմադիրները պահանջում էին հայտարարության տեսքով արձանագրել, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Իշխանությունը ընդդիմադիրների նախաձեռնությունը «կեղծ գործընթաց», քաղաքական շանտաժ էր որակել։ Դեռ անցած շաբաթ էին հրապարակել խմբակցության որոշումը՝ չեն մասնակցի նիստին։

Ընդդիմադիրներն էլ հունիսի 3-ին նախ հանրահավաք անցկացրին Ֆրանսիայի հրապարակում, ապա՝ կառավարության շենքի մոտ, երկու ժամով շրջափակեցին կառավարության շենքի մուտքերն ու ելքերը, հետո շարժվեցին կառավարական ամառանոցի մոտ, որտեղ պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա և լսի իրենց պահանջները: Ոստիկանությունն այստեղ մեծ ուժեր էր կենտրոնացրել։ Իրավիճակը լարվեց, բախումներ եղան, ոստիկանները հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեցին։

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest