Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ «Նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունքը»։

Ըստ նախարարի՝ գործընթացը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման նպատակով ծառայողական բնակարանների հատկացում։ Իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու դեպքում այդ բնակարանը զինծառայողին կտրամադրվի անհատույց սեփականության իրավունքով։ Նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ կապված պատճառով զոհվելու, մահանալու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին։ Բնակարանի արժեքի առավելագույն շեմ է սահմանված 28,5 մլն դրամը, ինչը հնարավորություն է տալիս բնակարան գնել Երևանում՝ ընդհուպ երեք սենյականոց, ասաց Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ի՞նչ ենք ասում մենք այս նախագծով՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտած սպային ավարտելու պահին հատկացնում ենք պետական բնակարան։ Ինքը բնակարանն ստանում է և կարող է օգտագործել՝ բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել։ 20 տարի պայմանագրային ծառայությունն ավարտելու պահից սպան ստանում է նաև սեփականության իրավունք։ Երբ ծառայության հետ կապված հաշմանդամություն կստանա, կզորացրվի ծառտայությունից կամ, Աստված չանի, կզոհվի, ընտանիքն այդ բնակարանը կստանա որպես լիարժեք սեփականություն։ Այստեղ մենք մի քանի զուգահեռ խնդիրներ ենք լուծում, դրանցից առաջինը՝ խթանում ենք ռազմաուսումնական կրթությունը։ Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ զինվորականը կենտրոնանա իր պրոֆեսիոնալ գործի վրա՝ ունենալով հնարավորինս շատ սոցիալական երաշխիքներ»։

Փաշինյանը հավելեց, որ զինված ուժերի բարեփոխումնեի կարևոր փուլ ենք թևակոխում, և այս որոշումը պիտի ունենա անկյունաքարային նշանակություն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest