Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Սեյրան Օհանյանից և  նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց։

Օհանյանը ֆեյբուքյան գրառմամբ պաշտոնապես հայտարարել է, որ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը և հասարակական նշանակության որևէ օբյեկտի չի տիրապետել, չի տիրապետում։

«ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։ Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»,-գրել է Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարի գրառմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ եթե Դատախազությունը հայցադիմումն այս բովանդակությամբ ուղարկել է դատարան, հետևաբար հիմնավորված է համարում այդ գույքի փաստացի պատկանելիությունը նշված անձին։

«Դատական քննության ընթացքում կողմերը կներկայացնեն իրենց ապացույցները, ըստ որի՝ դատարանը որոշում կկայացնի»։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը հերքում է Դատախազության հայտարարությունը՝ նշելով, որ նշյալ գույքը պատկանում է այլ անձի․ Սերյան Օհանյանը այդ գույքին չի տիրապետում և չի օգտագործում։

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest