«Մեղադրանք է առաջադրվել ՝ համազգեստը քաշքշելով անձին ֆիզիկական ցավ պատճառելու համար։ Քննիչին խնդրել ենք պարզաբանի, թե համազգեստն ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ կամ համազգեստից քաշքշելով անձը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ, կոնկրետ մարմնի որ հատվածներում է այդ ֆիզիկական ցավը ստացել։ Որևէ պարզաբանում դեռևս չենք ստացել, քննչական գործողությունները դադարեցվել են, քանի որ Գալեյանը  տեղափոխվեց հիվանդանոց»,- լրագրողնեի հետ զրույցում հայտնեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի պաշտպման Վահան Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ Գարիկ Գալեյանը, ում այսօր ձերբակալել էին, մոտ երկու շաբաթ առաջ սրտի վիրահատություն է տարել, այսօր վիճակը վատացել է և շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Նշենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը), 137.1-րդ հոդվածի 1-ին մասով (Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)1-ին մասով:

Անդրադառնալով Գալեյանին առաջադրված մեղադրանքներին՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ դրանք իրավաբանության հետ բացարձակ կապ չունեն։

«Հիմա ես դիմում եմ Դատախազությանը, քանի որ այն շանս ունի ցույց տալու իր վճռականությունը, ցույց տալու, որ ինքը համաձայն չէ անօրինական գործընթացների հետ, և հետ վերցնեն կալանավորման միջնորդությունը եթե ներկայացվել է, կամ ներկայացվելու է»։

Վերջինս նաև ասաց, որ ենթադրաբար կձերբակալվեն ևս երկու անձ, քանի որ երկու անձի անուն է նաև նշված՝ առ այն որ խմբով կատարել են բռնի գործողություններ։ Պետք է հասկանան նաև այդ անձանց դատավարական կարգավիճակը։

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության մոտ են հավաքվել զոհված զինծառայողների ծնողները՝ պահանջելով ազատ արձակել Գարիկ Գալեյանին։ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ եթե 1 ժամից նրան ազատ չարձակեն, բոլոր ծնողներով են ներս մտնելու շենք։

Նշենք նաև, որ ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում նաև նշել է,  Արմենուհի Կյուրեղյանի ու Տիգրան Աբրահամյանի հետ այցելել են ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչություն և երաշխավորագրեր ներկայացրել Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից հայտնել էին, որ  քննություն է տարվում՝ N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest