Երևանը գաղտնազերծել է Բաքվին փոխանցված վեց կետանոց առաջարկները, որոնց ով պետք է սկսել խաղաղության բանակցություններ: Դրա առաջին կետում գրված է, առաջին կետով հայկական կողմը նշել է՝ պատասխանում են այս տարվա փետրվարի 20-ին թվագրված և մարտի 11-ին Երևանին փոխանցված նամակին:
Մնացած հինգ կետերի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
2. ՀՀ-ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ․
3. Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքերի և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը․
4.Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում)․
5.Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և Քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա․
6.Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագայությանը։
Հայկական կողմի առաջարկների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ.

Պարոն Ղուկասյան, Դուք ինչպե՞ եք մեկնաբանում այս կետերը: Հնարավո՞ր է այս կետերով հասնել խաղաղության:
Հայաստանի դիրքորոշումը վեց կետերի մեջ արտահայտվածը ենթադրում է, որ կարգավիճակի հարցը պետք է շարունակի մնալ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Այսինքն, խաղաղ հարաբերությունների հաստատումը վերաբերվում է Հայաստանին և Ադրբեջանին, իսկ կարգավիճակի հարցով ՀՀ-ն փաստի առաջ է կանգնեցնում Ադրբեջանին, որ ինքը հավատարիմ է ՄԽ-ի ձևաչափին: Ադրբեջանը մինչ այսօր չի ներկայացրել որևէ նոտա, որ ինքը դուրս է գալիս այդ ձևաչափից: Հիմա մենք ունենք տաօրինակ իրավիճակ, որ ոչ ՀՀ-ն, ոչ Ադրբեջանը ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարցը որոշելուց չեն հրաժարվել, միաժամանակ համաձայնել են ստեղծել երկկողմանի ձչաչափ՝ խաղաղություն հաստատելու համար: Հնարավո՞ր է սա, թե՞՝ոչ: Այստեղ հակասություններն այնքան շատ են, որ ես համարում եմ՝ հնարավոր չէ:
Կառավարության քննադատները սա համարում են բովանդակազուրկ և ոչ համարժեք փաթեթ:
Այդ կետերը ինչ-որ փաստերի արձանագրություն է: Այդ փաստերն ինչ-որ նշանակություն ունեն ընդհանուր քաղաքական կոնտեքստում: Ի՞նչ է նշանակում՝ այս ինչ օրը առաջարկ եք արել, իսկ մեզ փոխանցվել է այս ինչ օրը, այս արանքում ամենակարևոր իրադարձությունը ՌԴ-ի ագրեսիան է Ուկրաինայի դեմ: Ըստ էության Ադրբեջանն աշխարհին ուզում է ասել, որ այս առաջարկներն արել է մինչ պատերազմը, իսկ ՀՀ-ն ուզում է ասել, որ ստացել է պատերազմից հետո: Իհարկե սա նշանակություն ունի այլ պետությունների համար՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, որոնք որ ներգրաված են Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:
Նաև վեցերրորդ կետը, որովգ ՀՀ-ն ասում է՝ դիմել է ԵԱՀԿ-ին կազմակերպել խաղաղության շուրջ բանակցությունները: Այստեղ կա արձանագրում, որ բանակցությունները դադարեցված էին և հարց է առաջանում՝ ու՞մ կողմից էին դադարեցված: Եթե ՀՀ-ն է դիմում այդ խնդրանքով, ապա նշանակում է, որ ՀՀ-ի կողմից էին դադարեցված:
Ընդհանուր կոնտեքստում ՀՀ-ի պատասխանը հետևյալն է. 44-օրյա պատերազմի ընթացքում մենք դադարեցրել էինք բանակցությունները ՄԽ-ում, ձեր առաջարկը՝ երկկողմանի կարգավորել հարաբերությունները, մենք ստացել ենք Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո և դրանից հետո մենք նորից դիմել ենք ԵԱՀԿ-ին խնդրանքով վերսկսել բանակցությունները: Սա է ՀՀ-ն ասում:
Այս վեց կետերը համարժե՞ք են ադրբեջանական հինգ կետերին՝ խաղաղության բանակցություններ սկսելու համար:
Ակնհայտ չէ՞, որ խաղաղություն հաստատելու համար պետք է երկու կողմի պատաստակամությունը: Ի՞նչ պլատֆորմի վրա, Ադրբեջանն առաջարկում է մերժել միջազգային իրավունքը՝ ապօրինի սկզբունք դնել հիմքում, որ հայերը պետք է դուրս գան Արցախից: Ադրբեջանական տեսակետն է, որ հայերը բնիկ ժողովուրդ չեն Արցախում, չեն կարող ունենալ ինքնորոշման իրավունք, պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը կամ պետք է հեռանան: Այս պլատֆորմի վրա հնարավոր է, որ ՀՀ-ն ընդունի ապօրինի պահանջները … Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե չընդունենք մեզ կոչնչացնեն: Երեք միլիոնի անվտանգության համար նա առաջարկում է 120 հազար մարդու փուռը տալ: Մենք իհարկե թուղթ կուզենք Ալիևից, որ արցախահայությանը չի ոչնչացնի, բայց թե դա քանի կոպեկ կարժենա, պատասխան չկա: Այսօր Ադրբեջանում հայերին դատում են զենք վերցնելու և իր հայրենիքը պաշտպանելու համար, Ադրբեջանում համարում են տեռորիստ: Վաղը հնարավոր է, որ 120 հազարին այդ կասկածանքով տանում են բանտ:
Այս փաստաթուղը նշանակում է, որ ՀՀ-ն կարծես, թե չի հասկանում՝ Ադրբեջանն ինչ մասին է խոսում:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest