Հայաստանի սուվերեն տարածքն արդեն մեկ տարի է օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:  Մայիսին մեկնարկած  ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է  ՀՀ 41 քառ․ կմ  ինքնիշխան տարածք:

Թշնամու զինուժի ստորաբաժանումները 2021 թվականի մայիսի 12-ից հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Նույն օրը ադրբեջանական զինուժը ևս երկու ուղղություններով ներխուժեց Հայաստանի տարածք՝ դիրքավորվելով Գեղարքունիքի մարզի Սոթք և Սյունիքի մարզի Հոզնավար հատվածներում՝ 250 զինծառայողով:

Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու նպատակով Հայաստանի անվտանգության խորհուրդը մեկը մյուսին հաջորդող արտահերթ  նիստեր  էր հրավիրում: Նույնիկս 24 ժամվա ընթացքում մի քանի նիստ գումարվեց: Մայիսի 13-ին հրավիրված ԱԽ նիստում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոորոշեց դիմել ՀԱՊԿ-ին՝ 2-րդի 2-րդ պարբերությանը:

Երևան այս հոդվածով  Ռուսաստանից և մյուս ՀԱՊԿ անդամ պետություններից ոչ, թե ռազմական և մարդկային ռեսուրսներ էր ուզում Հայաստանի սուվերեն տարածք մտած թշնամական պետության զինուժը դուրս հանելու համար, այլ՝ կամզակերպությունից խորհրդատվություն ստանալու: Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիայի ֆոնին ՀԱՊԿ-ը «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքը նախորդ տարի անցկացրեց Հայաստանում: Սա Երևանում փորձագիտական շրջանակները որակեցին Հայաստանի դիմումին անբավարար պատասխան, իսկ Հայաստանի սահմանին իրավիճակը շարունակում էր մնալ անկայուն:  

Մայիսի 27-ին հրավիրված ԱԽ խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը Բաքվին և եռանախագահությանը սահմանային լարվածությունը թուլացնելու լուծման տարբերակ առաջարկել՝ զորքերի հայելային հետքաշում:

Փաշինյանի պատկերացմամբ՝ հայկական և ադրբեջանական զորքերի հեռացումից հետո չեզոք գոտում պետք է տեղակայվեն Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդները:  Երևանը, սակայն, Փաշինյանի բանավոր հայտարարությունից այս կողմ ոչ մի գործընթաց չնախաձեռնեց: Զուգահեռն այս  առաջարկը էլ ավելի սրեց իրավիճակն առանց այն էլ  ճգնաժամի առաջ կանգնած Փաշինյանի ձևավորած կաբինետում: Զորքերի հայելային հետքաշման առաջարկից կարճ ժամանակ անց հրաժարական ներկայացրեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ հայտարարելով, թե չի կարող համաձայնություն տալ պետական շահերին դեմ որոշումներին: Այվազյանի հրաժարականից մի քանի օր անց ազատման դիմումներ ներկայացրեցին ԱԳ նախարարի չորս տեղակալները:

Հայաստանի իշխանություններին նախորդ տարի այս օրերին սուր քննադատում էին ՄԱԿ-ի ԱԽ չդիմելու համար: Փաշինյանի թիմակիցները հայտարարեցին դիտարկում են այդ տարբերակը, սակայն, այդպես էլ գործուն քայլեր չղան, չնայած ԱՄՆ-ից, Կանադայից և ԵՄ-ից եղան հասցեական հայտարարություններ, որ խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այդպես էլ պաշտոնական Երևանը չպարզաբանեց, թե ինչու չեն դիմում ՄԱԿ-ի ԱԽ-ին:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունն ուղղել է իր սխալը և այժմ ինտենսիվ աշխատում է Արևմուտքի հետ:

«Այդ հարցը պետք է ուղղես Նիկոլ Փաշինյանին, գուցե կային հանգամանքեր, որ չէր կարող դիմել, բայց կյանքը ստիպեց և նա համոզվեց, որ ՌԴ-ն չի ապահվել ու չի ապահովում մեր անվտանգությունը դրա համար սկսեցին գործուն քայլեր կատարել»,- ասում է քաղաքագետը:

Պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի թիմակիցպատգամավոր Գագիկ Մելքոնյանը հույս ունի, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս կգա սահմանազատման աշխատանքներից հետո: Սակայն, փստենք՝ հանձնաժողովը, որը պետք է գործեր ապրիլի վերջից մինչ այս պահը դեռ չի ձևավորվել: ՔՊ-ական պատգամավորն ասում է մի հարցի շուրջ ադրբեջանական կողմի հետ համաձայնության չեն կարողանում գալ:

Այունհանդերձ Փաշինյանի թիմակից պատգամավորն արձանագրում է՝ չեն կարող ադրբեջանցիներին ՀՀ սահմաններից դուրս հանել: «Կարո՞ղ ենք մեր մեր սահմաններից դուրս շպրտել, իհարկե՝ ոչ, քանի որ մենք պատերազմի պատրաստ չենք, մեր ամեն մի քայլ կարող է պատերազմի պատճառ դառնալ»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest