Այսօր ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին պահել են անմարդկային պայմաններում․ ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի» թեմայով քննարկմանը ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ ՔԿՀ-ներում իրավիճակը դեռևս ցանկալիից հեռու է, անգամ 2015 թվականից հետո, երբ վերջիններս ներկայացրել էին չափանիշները և նշել, որ խախտվել են․

«Այսօր ևս դիտարկում ենք և նախարարությանն ենք ուղղում գրություններ, հրատապ հաշվետվություններ, որոնք վերաբերում են հենց պահման պայմաններին։ Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլավորների խցերը խայտառակ վիճակում են։  Նույնիսկ լուսանկարներ ենք հրապարակել և ստացել ենք նախարարության արձագանքը, որն ընդունել է խնդրի առկայությունը, և, որ այն դրված է լուծման»,-քննարկմանն ասաց Հովհաննիսյանը։

Աբովյան ՔԿՀ-ի վերաբերյալ դիտորդների խումբը նույնիսկ ասուլիսներ է հրավիրել ՝ ներկայացնելով բանտախցերում պահվող կանանց և անչափահասների անմարդկային պայմանները։ Խնդրի վերաբերյալ ստացել են նախարարության արձագանքը, որ այս տարվա ընթացքում պետք է վերանորոգվի այդ մասնաշենքը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը մայիսի 3-ին Հայաստանի դեմ որոշում կայացրեց՝ արձանագրելով Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների խախտումը։ Արձանագրվել էր, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում խցային անմարդկային պայմաններ են եղել, և դրա դեմ ոչ արդյունավետ դատական բողոքարկում է եղել։

Pin It on Pinterest